ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը հպարտ է, որ 1991-ի սեպտեմբերի 21-ին հենց իրեն է պատիվ վիճակվել հռչակել Հայաստանի անկախությունը, սակայն նաեւ պարտավորված է զգում իրեն, քանի որ այդ պատասխանատու բեռն ուսերին բերում է մինչեւ այսօր։ Սեպտեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց ինքը՝ Արամ Մանուկյանը։
«Մեր ժողովրդի երեքհազարամյա պատմությունը չունի ավելի բարձր, վեհ եւ աստվածային օր, իրադարձություն, որի կերտմանն այսքան մարդ է մասնակցել եւ որի կերտումը եղել է այսքան համաժողովրդական ու համապետական»,- նկատեց Մանուկյանը։
Հայաստանի 20-ամյա անկախության ձեռքբերումների շարքում նա նշեց Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի համար պայքարը, որն ամփոփվեց 1994 թվականի մայիսի 12-ին՝ հրադադարի կնքմամբ։ «Եթե մեր երկիրը չլիներ միջազգային սուբյեկտ եւ լուրջ վստահելի գործընկեր, մենք ղարաբաղյան շարժման գործընթացում նման հաջողություններ չէինք ունենա։ Չի եղել որեւէ միջագային սուբյեկտ, որը մեզ այդ ընթացքում ասեր՝ «աչքիդ վերեւն ունք կա»։ Ես դա համարում եմ անկախության տարիների թիվ մեկ հաջողությունը։
Երկրորդ հաջողությունը համարում եմ Հայաստանում ժողովրդավարության հիմքերի հաստատումը։ Երջանիկ եմ, որ 94-ին միջազգային կառույցները մեզ տարածաշրջանում համարեցին «ժողովրդավարության կղզյակ»։ Խոսքի ազատության, ժողովրդավարական ինստիտուտների կայացման շրջանակներում 1,5 տարվա ընթացքում ստեղծվեցին 200 լրատվամիջոցներ։ Կայացավ պետության պարտադիր սյուների, մյուս ինստիտուտների կայացումը՝ բանակի, մաքսային համակարգի, անձնագրի, բանկերի։ Բոլոր այս համակարգերը կայացան շրջափակման, պատերազմի, տնտեսական քայքայվածության, լույսի բացակայության պայմաններում»,- նկատեց ՀՀՇ-ական գործիչը։
Արամ Մանուկյանն անդրադարձավ նաեւ Հայաստանի անկախության 20 տարիների ընթացքում արձանագրված բացթողումներին։ «Բացթողումն այն է, երբ մարդը իր զոհաբերության եւ տառապանքի հաշվին, երկար տարիներ համբերելով, իր մաշկի վրա չի զգում պետության կողմից նյութեղեն, իրավական աջակցությունը, պաշտպանվածությունը, որի հաշվին ինքը պետք է բարգավաճեր։ Մինչդեռ պետությունն անկախության եւ քաղաքացու շունն է, պահակը՝ բառի դրական առումով»,- նշեց Մանուկյանը։
Ամփոփելով՝ նա վերհիշեց անկախության հանրաքվեի կայացման բոլոր մանրամասները՝ հիշեցնելով, որ Հայաստանն անկախացավ, երբ դեռ կար Խորհրդային միությունն իր բոլոր կառույցներով: «Խորհրդային Միությունը դիմեց բոլոր հանրապետություններին՝ հանրաքվեներ կազմակերպելու համար՝ պահպանելու Խորհրդային Միությունը: Հայաստանը բարդագույն վիճակում էր, պատերազմի մեջ, սակայն Գերագույն խորհուրդը մարտի 1-ին որոշում կայացրեց չմասնակցել Խորհրդային միության առաջադրված հանրաքվեին եւ կազմակերպել իր հանրաքվեն: ՀՀ անկախության հանրաքվեին մասնակցեց 2 մլն. 56 հազար 792 մարդ՝ երկրի բնակչության 94 տոկոսը, որոնցից անկախությանը «այո» ասաց 2 մլն 42 հազար 617-ը, «ոչ»՝ 10 հազար մարդ: Սա համազգային տոնախմբություն էր, եւ հանրաքվեի տվյալների ամփոփումից հետո սեպտեմբերի 23-ին ես պատիվ ունեցա Հայաստանն անկախ պետություն հռչակել՝ հիմք ընդունելով հանրաքվեի արդյունքները։ Իմ բախտն այս առումով շատ ավելի է բերել, քան այս երկրում շատերինը»,- ամփոփեց նա։



























