Հայաստանը պետք է կարողանա տարբերվել ուրիշներից եւ ավելի լավը լինել, որպեսզի կարողանա ներկայանալի դառնալ միջազգային ասպարեզում, մինչդեռ այսօր տեղի է ունենում հակառակը: Այդ մասին այսօր` սեպտեմբերի  15-ին, մամուլի ասուլիսում ասաց գերմանահայ PR մասնագետ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր Վազրիկ Բազիլը: 

Աշխարհին ներկայանալուց առաջ, Հայաստանի պետական մարմինները, ըստ Բազիլի, պետք է հաշվի առնեն երեք հանգամանք: «Երբ պետական մարմինները ներկայացնում են երկիրը, պետք է բծախնդրություն ցուցաբերեն իրենց ներկայացրածի նկատմամբ, ուշադրություն դարձնեն ցանկացած մանրուքի, այլ ոչ թե առաջնորդվեն  «դե լավ էլի» մոտեցմամբ: Եթե ցանկանում ենք, որ Հայաստանը լավագույնս ներկայացվի, ապա պետք է բծախնդրություն ցուցաբերվի նույնիսկ աննշան թվացող մանրուքի նկատմամբ:

«Դե լավ էլի»-ով, «արա մարա»-ով հարցեր չեն լուծվում»,-ասաց  PR մասնագետը, հավելելով, որ պետք է նաեւ բարձրացնել սպասարկման որոլորտի մակարդակը, քանի որ մի դեպքից զբոսաշրջիկը պատկերացում է կազմում ողջ ոլորտի մասին:

Երկրորդ հանգամանքը, որն առանձնացրեց Բազիլը, դա արտասահման հասկացությունն է. «Գոյություն չունի նման հասկացություն, կան երկրներ, կան մշակույթներ եւ, Հայաստանը ներկայացնելիս, պետք է հաշվի առնել դա: Մինչդեռ Հայաստանի պետական մարմինները դա հաշվի չեն առնում»: Որպես ապացույց նա մի օրինակ բերեց, երբ հայ փոխնախարարն, անտեսելով այն հանգամանքը, որ Գերմանիայում ընդունված չէ ռազմական բառապաշարը, այն օգտագործել է իր խոսքում։

Այդպիսի իրավիճակներից խուսափելու համար, Բազիլը խորհուրդ տվեց, որ Հայաստանի ներկայացուցիչները, մինչ հանրային ելույթները, տվյալ երկրի հայկական դեսպանությունների խորհրդով ծանոթանան հյուրընկալող երկրների առանձնահատկություններին և սովորույթներին, համագործակցեն տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Երրորդ հանգամանքը, որի վրա կանգ առավ Բազիլը, դա այն է, որ Հայաստանն ամենուր ներկայանում է որպես էկզոտիկ երկիր, առանց հաշվի առնելու բացասական կողմերը; «Օրինակ, արեւելյան մի շարք երկրներ ունեն շուրջպար, դհոլ ու զուռնա, եւ երբ Հայաստանը ներկայանում է Եվրոպային դրանց միջոցով, թյուրիմացության տեղիք է տալիս: Ֆրանսիացու, գերմանացու համար հայկական, վրացական, թուրքական կամ ադրբեջանական շուրջպարը նույնն է: Արեւմուտքի համար ամենամեծ դրամագլուխն ուշադրությունն է: Իսկ ուշադրությունը կարող ես վաստակել միայն ինքնությամբ: Անհրաժեշտ է հինը ներկայացնել նորովի: Պետք է տարբերբերվել ուրիշներից եւ ավելի լավը լինել»: