ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը համոզված է, որ Հայաստանում ստեղծված անհուսության, հիասթափության մթնոլորտի եւ արտագաղթի համար մեղավոր են բոլորը։ Այս մասին նա հայտնեց սեպտեմբերի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ։«Բանակի այսօրվա տխուր, ցավալի վիճակն այն շարժիչ ուժերից է, որը դուրս է մղում մարդկանց։ 5-10-րդ դասարանցի տղաների թիվը տարեկան 7-10 հազարով պակասում է։ Երկրում խայտառակ վիճակ է ստեղծվել, որը կազմակերպվում կամ անտարբերության է մատնվում այն քաղաքական ուժերի կողմից, որոնք պարտավոր են երեւույթի դեմն առնել։ 300-ի չափ տուրիստական կազմակերպություններ մարդկանց արտագաղթն են կազմակերպում։ Երբեք այսքան ավտոբուս դեպի Ռոստով, Ստավրոպոլ, Կրասնոդար ու Արմավիր չի գնացել։
Կրասնոդարում հայերի թիվն անցել է 1 միլիոնից։ Ռուսաստանում այսօր ավելի շատ հայ կա, քան Հայաստանում։ Բայց Սփյուռքի զարգացումն ինձ չի ուրախացնում։ Այդ մարդիկ 2 սերունդ հետո հայ չեն լինելու։ Եւ եթե քո ղեկավարն անձնական օրինակով իր երկիրը չի ուժեղացնում եւ սեփական գրպանի բարեկեցության համար է պայքարում, այդ երկրի քաղաքացին այլեւս չի հավատում իր իշխանությանը, իր երկրի բարեկեցությանը։ Մենք այս ամենը տեսնում ենք, բայց դրա դեմ չենք բողոքում եւ գերադասում ենք «շառից հեռու» մնալ, հավաքել ճամպրուկներն ու հեռանալ Հայաստանից»,- նկատեց ՀՀՇ-ական գործիչը։
Ամփոփելով՝ Արամ Մանուկյանը նկատեց, որ միջազգային կառույցները հայաստանցի իշխանավորներին շատ հաճախ թույլ են տալիս հանցագործություն կատարել, բռնում են այդ հանցագործության մեջ եւ նույն այդ հանցագործությունը օգտագործում որպես միջոց՝ իշխանավորներին հպատակ պահելու։«Wikileaks»-ն այդ դերն ունի, Հայաստանում թրաֆիքինգով զբաղվողների բացահայտումը եւ նրանց խելոք, զուսպ պահելն այդ գործառույթն ունի։ Ձեր ու իմ իմացած հանցագործությունները, որ բացահայտված են, այդպես էլ մնում են։ Վարդանիկը (նկատի ունի Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, խմբ.), Վազգեն Խաչիկյանը (Սոցիալական ապահովության ծառայության նախկին պետ), ով բռնվեց, կրկին իրենց խորհրդի կազմում է եւ այլն։ Վարդանիկը միշտ զուսպ է լինելու, անելու է այն, ինչ Սերժ Սարգսյանն է ասելու, իսկ Սերժ Սարգսյանն էլ անելու է այն, ինչ ամերիկացիներն են ասելու, քանի որ հստակ են իր կեղծած թվերը, թրաֆիքինգի եւ զենքերի խնդիրը, հստակ է Հայաստանում նարկոբիզնեսով զբաղվողների խնդիրը»,- ասաց Մանուկյանը։



























