Հայաստանի կառավարությունում այսօր` սեպտեմբերի 15-ին, տեղի է ունեցել ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստման եւ կազմակերպման պետական հանձնաժողովի նիստը, որը վարել է  վարչապետ, հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նիստի ժամանակ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ,  տոնական միջոցառումների համակարգող Վիգեն Սարգսյանը նշել է, որ տոնական միջոցառումների կազմակերպման աշխատանքներն ընթացքի մեջ են՝ ըստ սահմանված ժամանակացույցի:

Մասնավորապես, սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա տոնական զորահանդես, իսկ երեկոյան՝ դասական երաժշտության համերգ՝ ձայնային եւ լուսային ժամանակակից լուծումներով: ՀՀ անկախության օրը «Հայաստանը դու ես» կարգախոսով համերգներ եւ Հայաստանի անկախությունը նկարագրող ցուցահանդեսներ կանցկացվեն Երեւանի վարչական շրջաններում, հանրապետության մարզերում եւ արտերկրում: Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում կկատարվի հանրապետական մաղթանք՝ Գարեգին Բ-ի հանդիսապետությամբ:

Տոնի կապակցությամբ Երեւանի ճարտարապետական նշանակություն ունեցող շենքերը կստանան գեղարվեստական լուսավորություն:

Նիստի ընթացքում ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, որի ընթացքում ՀՀ նախարարությունների եւ գերատեսչությունների ղեկավարները ներկայացրել են իրենց գերատեսչությունների կողմից կազմակերպվող տոնական միջոցառումների ընթացքը:

Վարչապետը հանձնարարել է նախարարությունների եւ գերատեսչությունների ղեկավարներին՝ փոխհամագործակցության միջոցով օպերատիվ կերպով արձագանքել հնարավոր խնդիրներին՝ տոնական միջոցառումները բարձր մակարդակով եւ սահմանված ժամանակացույցին համապատասխան կազմակերպելու համար: