Աշխարհին հարկավոր է ուղերձ հղել․ Հայաստանը շարունակելու է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի համար պայքարը։ Ընդ որում, չմիջամտելու ներկայիս քաղաքականությունն առանձին անձանց որոշումն է, այլ ոչ թե ողջ հասարակության։ Փետրվարի 3-ին Ազգային ժողովում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ, որոնք գումարվել են խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությամբ, հայտարարեց քաղաքագետ Բենիամին Մաթեւոսյանը։
Նրա խոսքով՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տրամաբանությունը դե ֆակտո շտկվել է Պրահայի փաստաթղթով, ինչպես նաեւ Վաշինգտոնյան հանդիպումների շրջանակում ձեռք բերված պայմանավորվածություններով։
Մաթեւոսյանը նշեց, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետ կապված որեւէ վերապահում չի պարունակում։
«Այսինքն՝ ենթադրվում էր, որ այս հարցի լուծումը պետք էր թողնել ապագային։ Սակայն Պրահայում եւ Վաշինգտոնում բանակցությունների արդյունքում Հայաստանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց որպես Ադրբեջանի մաս։ Իսկ դա նշանակում է, որ Ղարաբաղի հանքերը պատկանում են Ադրբեջանին, եւ որ միջանցքի վերահսկողությունը պետք է իրականացնի Բաքուն»,- պարզաբանեց քաղաքագետը։
Նա վստահ է՝ հակամարտության կարգավորման բանակցությունների արդյունքներով Լաչինի միջանցքը պետք է ստանար հենց այն կարգավիճակը, որը կստանար Լեռնային Ղարաբաղը։ Այլ կերպ ասած, եթե Լեռնային Ղարաբաղը անկախություն ստանար, միջանցքը կդառնար դրա նրա մի մասը։
«Հետեւաբար, Լաչինի միջանցքի այսօրվա իրադարձությունները Պրահայում եւ Վաշինգտոնում տեղի ունեցած գործընթացների հետեւանք են»,- ասաց Մաթեւոսյանը։





























