Նախաքննական մարմինը սեպտեմբերի 13-ին ավարտել է ՀԱԿ ձերբակալված ակտիվիստ Տիգրան Առաքելյանի գործով վերսկսված նախաքննությունը, սակայն մինչ այժմ այդ մասին չի տեղեկացրել մեղադրյալին եւ նրա փաստաբանին: Այդ մասին NEWS.am-ին հայտնեց Տիգրան Առաքելյանի փաստաբան Վարդուհի Էլբակյանը:
Սեպտեմբերի 14-ին զանգահարել եւ հետաձգել են այդ գործողությունը, սակայն այն չի կայացել նաեւ սեպտեմբերի 15-ին:
Փաստաբանը հայտնեց, որ նախաքննական մարմինը չի պատճառաբանում իր գործողությունները: «Չեմ կարող ասել, թե որն է պատճառը, որովհետեւ ճիշտն ասած, որեւէ պատճառ չեմ կարողանում նկատել»,- նշեց փաստաբանը, ով տարօրինակ է համարում, որ քննիչներն արագ վերսկսում են նախաքննությունը, վեց օրում ավարտում են այն, սակայն չեն հայտնում մեղադրյալին ու իր փաստաբանին. «Տրամաբանությունը չեմ կարողանում հասկանալ, այդ արագության, հապշտապության եւ այս լռության»:
Հարցին, թե ե՞րբ կուղարկվի գործը դատարան, փաստաբանը հայտնեց, որ քննչական գործողությունից հետո գործը հինգ օրվա ընթացքում կուղարկվի դատախազին` մեղադրական եզրակացությունը հաստատելու համար, որից հետո, օրենքով սահմանված կարգով կուղարկեն դատարան, 10-օրյա ժամկետում դատական նիստը կնշանակեն: «Եթե իհարկե ուղարկեն»,- ասաց փաստաբանը, ով համենայն դեպս հույս ունի, որ նման ապացույցներով մեղադրական եզրակացությունը չի հաստատվի:
«Մի քիչ թերահավատ եմ: Ըստ իս ապացույցները բավարար չեն, որ սա մեղադրանք եւ դատավճիռ դառնա»,- նշեց Վարդուհի Էլբակյանը եւ հավելեց. «Կարծում եմ` այս անգամ արդարադատությունն արդարամիտ կգտնվի»:
Վարդուհի Էլբակյանը նշեց նաեւ, որ Տիգրան Էլբակյանը դեռ առողջական խնդիրներ ունի, թեեւ մի փոքր ավելի լավ վիճակում է: «Վերջին անգամ որ տեսել եմ, մի փոքր ավելի լավ էր, քան առաջին անգամ: Աչքի հետ, գլխի հետ կապված սրացումներ ուներ: Մեկուսարանային պայմաններում բժշկական օգնություն է ցուցաբերվում: Բժիշկը, որքան գիտեմ, մոտը գնացել է»,- նշեց փաստաբանը:



























