Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորների պատվիրակությունը ՀՀ-ում Գերմանիայի փոխդեսպան Քրիստոֆ Բրոյնիգի գլխավորությամբ այցելել է Գյումրի: Նրանք հյուրընկալվել են Գյումրիի թիվ 3 ավագ դպրոցում, որտեղ գերմաներենի ուսուցումը լավ հիմքերի վրա է դրված: Հյուրերին դպրոցի սաները դիմավորել են աղ ու հացով, երգ ու պարով:
Այնուհետեւ նրանց ուղեկցել են դպրոցում ՝ Գյոթեի ինստիտուտի հովանավորությամբ դեռեւս մեկ տարի առաջ բացված գերմանական անկյուն: Այստեղ դպրոցի սաները գերմաներենով ներկայացրել են ինստիտուտի ֆինանսավորմամբ 5 երկրներում իրենց շրջագայության տպավորությունները, խոսել են իրենց ձեռք բերած գիտելիքների մասին: Որից հետո հատուկ պատվոգրեր են շնորհվել դպրոցի այն սաներին, ովքեր գերմաներենի իմացությամբ առաջատար են համարվում:
Միջոցառման ավարտից հետո, լրագրողների հետ զրուցել է փոխդեսպան Քրիստոֆ Բրոյնիգը: NEWS.am-ի թղթակցին նա փոխանցել է, որ Գերմանիան մեծ հնարավորություններ է ընձեռում դպրոցահասակ այն երեխաների համար, ովքեր նախընտրում են գերմաներենը, միայն մնում է հետաքրքրություն ցուցաբերել ու մասնակցել միջազգային ծրագրերին:




























