«Հայոց Արծիվներ» ՀԿ-ն (նախագահ Խաչիկ Ասրյան) Հայաստանի անկախության տոնի առթիվ շնորհավորել է «արիական ծագում ունեցող անպարտելի հայ ժողովրդին»: Շնորհավորանքում, մասնավորապես ասվում է. «Արիական ծագում ունեցող անպարտելի հայ ժողովուրդը հայ ազգային-ազատագրական պայքարի թոհ ու բոհի մեջ, արցախյան հերոսամարտի ընթացքում, նահատակված եւ կենդանի հերոսների, ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսության, նվիրվածության, աշխատասիրության, պատասխանատվության շնորհիվ ձեռք բերեց անկախ պետականություն, որը յուրաքանչյուրիս համար դարձավ բացարձակ արժեք այնպես, ինչպես ծնողը, ընտանիքը, հայրենիքը:

Ուղիղ 20 տարի է Երկիր մոլորակի տարբեր անկյուններում բնակվող, արցախյան փառավոր հերոսամարտ հաղթանակած հայ ժողովուրդը մեծ հպարտությամբ նշում է Հայոց Պետականության Անկախության տարեդարձը:

Անձամբ իմ եւ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ` բոլորիդ` Հայաստանի Հանրապետության անկախության փառավոր տոնի` 20-րդ տարեդարձի կապակցությամբ: Մաղթում ենք ձեզ երկարակեցություն եւ հայոց լեռներում ճախրող արծիվների անկոտրում ոգի»: