Այս տարիների ամենամեծ ձեռքբերումներն են Արցախի ազատագրումը, բանակի ստեղծումն ու միջազգային իրավունքի սուբյեկտ դառնալը, բայց այսօր «մենք ռեալ վտանգի առաջ ենք կանգնած կորցնելու այս ձեռքբերումները»: Այս մասին այսօր` սեպտեմբերի 16-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուգասզյանը:
Դիտարկելով անցած 20 տարին` նա նշեց, որ այսօր Հայաստանը լուրջ վտանգի առաջ է բոլոր ոլորտներում. Հայաստանում չկա մշակույթի նկատմամբ հարգանք, դեգրադացիան համընդհանուր է, Հայաստանի կադրային կազմը բնութագրվում է ցածրագույն մասնագիտական, կուլտուրական եւ քաղաքացիական մակարդակով ու չի համապատասխանում երկրի առջեւ ծառացած հիմնախնդիրների լուծմանը: Գարեգին Չուգասզյանը հիվանդության ախտորոշումը այսպես ձեւակերպեց. «Մենք ունենք մի քանի ընտանիքների պետություն, այլ ոչ թե հայ ընտանիքի: Մեր երկիրը ինքնաօտարման ճահիճն է ընկղմվում օրեցօր, ընդ որում` ճահիճը հասնում է ինքնատելության, ինքնամերժման, ինքնաոչնչացման վիճակների, ինչի օրինակները բազմաթիվ են` մայրը կախաղան է հանում իր երեխաներին, զինվորների են խելագարեցնում բանակում»,- նշեց նա:
Երկիրն այս վիճակից դուրս բերելու դեղատոմսը, նրա կարծիքով, փոքր խմբերից եւ առողջ ուժերից նոր քաղաքական դաս ձեւավորելն է:



























