«Էկոլուր» հասարակական կազմակերպությունը եւ «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը սկսում են համատեղ ահազանգերի շարք` «Բնությո՞ւն, թե՞ փող» ընդհանուր խորագրով:

Առաջին ահազանգը վերաբերում է Լոռիի մարզի Թռչկան ջրվեժի ճակատագրին: «Բնության այդ չքնաղ հուշարձանի պահպանության պատասխանատվությունը կրում է ՀՀ բնապահպանության նախարարությունը: Նախարար Արամ Հարությունյանը «Թռչկան» ՓՀԷԿ-ի կառուցողին առաջարկել է կասեցնել բոլոր տիպի աշխատանքները եւ 10-օրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ, որոնք կապահովեն Թռչկան ջրվեժի պահպանությունը:

«Չենք լռելու»-ն եւ «Էկոլուր»-ը տարակուսանք են հայտնում, թե ի՞նչ առաջարկությունների մասին կարող է խոսք լինել, եթե եւ՛ ջրօգտագործման թույլտվությունը, եւ՛ բնապահպանական փորձաքննության դրական եզրակցությունը, անօրինական են. Թռչկանի ջրվեժը ՀՀ կառավարության 2008թ. օգոստոսի 14-ի թիվ 967 որոշման համաձայն ներառված է բնության ջրագրական հուշարձանների ցանկում:

Ավելին` «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում բնության հուշարձանի զբաղեցրած տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը սպառնում է դրա պահպանությանը:«ԷկոԼուր»-ը եւ «Չենք լռելու»-ն ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանից պահանջում են չեղյալ համարել «Թռչկան» ՓՀԷԿ-ի ջրօգտագործման թույլտվությունը եւ բնապահպանական փորձաքննության դրական եզրակացությունը»,- ասված է երկու ՀԿ-ների տարածած հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը կարգադրել է ամեն բան անել, որ կատարվող շինարարության արդյունքում չվնասվի Թռչկան ջրվեժը: Նույն խնդրի առնչությամբ, Գյումրիի մի շարք կազմակերպություններ պահանջագիր են ներկայացրել ՀՀ վարչապետին, Բնապահպանության նախարարին, Շիրակի մարզպետին ու Լոռիի մարզպետին, որտեղ պահանջում են «Թռչկան» ջրվեժը ներառել է Հայաստանի Բնության հուշարձաների ցանկի մեջ, որպես ջրագրական հուշարձան: