Եթե պարզվի, որ Վայքի ծննդատան բաժնի վարիչ Մետաքսյա Հովհաննիսյանը մասնագիտական սխալ է թույլ տվել, որը հանգեցրել է նորածնի մահվան, ապա Վայոց Ձորի մարզպետարանի առողջապահական վարչության պետը նույնպես կհեռացվի աշխատանքից: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վայոց Ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանը: Իսկ մասնագիտական սխալի առկայության հարցը, ըստ մարզպետի, կարող է որոշել միայն հատուկ այդ նպատակով ստեղծված հանձնաժողովը:
Մարզպետի խոսքով` առայժմ ակնհայտ է միայն, որ Մ. Հովհաննիսյանը էթիկայի նորմերն է խախտել, «տնավարի» շփվելով բուժօգնության կարիք ունեցողների հետ: Դա էլ, հավանաբար, պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ բժիշկը եւ դիմող ընտանիքը վաղուցվա ծանոթներ են եղել, այդ գերդաստանից Մ. Հովհաննիսյանը 5-6 ծնունդ է ընդունել, բոլորն էլ հաջող: Այդ է պատճառը, որ հղի կնոջը հիվանդանոց բերելով, նրա ազգականները ցանկացել են, որ ծնունդն ընդունի բացառապես Մ. Հովհաննիսյանը, որն այդ օրը պետք է հանգստանար: «Բոլոր դեպքերում, նա իրավունք չուներ նման տնավարի ձեւով ընդունել հիվանդներին, նա էթիկայի նորմերն է խախտել ու այդ պատճառով անհապաղ ազատեցի նրան բաժնի վարիչի պարտականությունից: Բայց բժշկական խնդիրը միայն պետք է հանձնաժողովը պարզի»,- ասաց Ս. Բագրատյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Չենք լռելու» նախաձեռնությունը տեսագրություն էր տարածել որում երեխայի հարազատները պատմում էին, թե օգոստոսի 11-ին ծննդաբերության հատկանիշներով Վայքի հիվանդանոց են տեղափոխել մի կնոջ եւ սպասում են բաժանմունքի վարիչ Մետաքսյա Հովհաննիսյանին:Վերջինս հայտարարել էր, թե դիմացեք, մինչեւ բուրդս չփխեմ-գամ: Երեխայի հարազատների փոխանցմամբ, բժշկուհին ցուցում է տվել անալգին եւ դեմիդրոլ սրսկել, ինչն էլ բարդությունների էր հանգեցրել:
Երեխային տեղափոխել էին «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Նորածնային եւ մանկական վերակենդանացման կլինիկա: Բժշկուհու գործունեությունը ներկայումս կասեցվել է, Հայաստանի առողջապահության նախարարությունը ստուգումներ է իրականացնում Վայքի հիվանդանոցում:Հայաստանի ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում Վայքի քաղաքային հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքի վարիչ Մետաքսյա Հովհաննիսյանի դեմ: Ավելի ուշ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:


























