«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը պաշտպանում է կոալիցիա-Հայ ազգային կոնգրես երկխոսության օրակարգում գտնվող արտահերթ ընտրությունների հարցը։ Սեպտեմբերի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ինքը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը:«Օրակարգում կան երկու կետեր։  Հայաստանն արտահերթ լուծումների անհրաժեշտություն ունի։

Մենք կողմնակից ենք արտահերթ ընտրություններին։ Եթե դա մեզ չայցելի, անհրաժեշտ է երկրորդ կետի իրացումը, որ ընտրությունները նախապատրաստվեն ժողովրդավարական բոլոր չափանիշների համաձայն, հավասարության լիարժեք երաշխիքներով։ Սակայն, երբ շրջում ենք, տեսում ենք, թե որն է իրական վիճակը։ Պետական շենքերում, դպրոցներում, մշակութային հաստատություններում կան իշխող կուսակցության կուսակցական զինանշաններ, էմբլեմներ։ Կարծում եմ՝ եթե լինելու է հավասար մրցապայքար, այդ էմբլեմները կամ պետք է հանվեն հանրային նշանակության շենքերի վրայից, կամ էլ բոլոր կուսակցությունները նույն պայմաններով պետք է հնարավորություն ունենան օգտվել այդ իրավունքից։

Բացի այդ, գործող պետական այրերը պետք է դուրս գան կրթական համակարգից, հրաժարվեն հոգաբարձուների խորհուրդները ղեկավարելուց, համալսարանական կառավարման մարմիններից։ Անընդունելի է, որ մենք մտնենք ընտրությունների մեջ՝ ունենալով նախագահ, Ազգային ժողովի նախագահ, վարչապետ, ովքեր նստած են մեր պետական կրթական հաստատությունների գլխին։ Բոլոր այս հարցերը պետք է լուծվեն մինչեւ ընտրություններ՝ ունենալու համար 1991 թվականից ի վեր առաջին նորմալ ընտրությունները»,- ամփոփեց Հովհաննիսյանը։

Նշենք, որ ՀԱԿ-իշխանություններ երկխոսության օրակարգում կա նաեւ արտահերթ ընտրությունների հարցը, սակայն այդ երկխոսությունն ընդդիմության կողմից առկախվել է օգոստոսի 26-ին։ ՀԱԿ-ը նշել էր, որ այն կվերսկսվի միայն ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի (ում նրանք քաղբանտարկյալ են համարում) ազատ արձակումից հետո։