WikiLeaks-ը բոլորին նոր դարաշրջան է հրավիրում, երբ քաղաքականությունն ու կառավարումը դառնալու են ավելի թափանցիկ, բաց եւ հրապարակային։ Սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը։

«Դա նաեւ ենթադրում է, որ նրանք, ովքեր մեծ-մեծ գաղափարներից են խոսում, կարողանան իրենց պահել ոչ միայն պատշաճ, այլ նաեւ խոսքի ու գործի հավատարմության շրջանակներում։ Երբեք պետք չէ պատրանք տածել, որ ինչ-որ գաղտնիք, խորհրդապահական ինչ-որ առաջարկ կարող եք անել, բարի խորհուրդ տալ, որը գաղտնք կմնա։ Չկա գաղտնիք, որ չիմացվի։ Որոշ գործիչներ, լինեն իշխող կամ ընդդիմադիր դաշտից, այնպես են բացվում եւ անկեղծանում, որ ակնհայտ է դառնում՝ այդտեղ ոչ թե համապետական, ազգային խնդիր է դրված, այլ սեփական ճակատագրի հարցի լուծումը։ Հույս ունեմ, որ սա ահազանգ կլինի քաղաքական մեր դասի համար, որը չի կարելի խաղ տալ օտար մայրաքաղաքներում կամ այլ երկրների դիվանագետների հետ եւ փորձել ժողովրդ հաշվին ինչ-որ դիվիդենտներ շահել»,- նկատեց ընդդիմադիր գործիչը։

Հիշեցնենք, որ WikiLeaks-ի կայքը սկանդալային հռչակ էր ձեռք բերել՝ հրապարակելով համաշխարհային նշանակության քաղաքական գործիչներին վերաբերող, ինչպես նաեւ ԱՄՆ պետքարտուղարության տասնյակ հազարավոր գաղտնի փաստաթղթեր։