20 տարի առաջվա Հայաստանը եւ այսօրվա Հայաստանը ոչ միայն աշխարհի, այլեւ մեզ համար բացարձակապես տարբեր երկրներ են: Այս մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի առթիվ ՀՀ նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգեւատրման արարողության ժամանակ:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանն իր ելույթում նշել է. «Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձի, եւ հայրենիքի բարձր կոչումներին ու պարգեւներին արժանանալու կապակցությամբ:
Ինձ համար այս պարգեւների հանձնումը պատիվ է, որովհետեւ այստեղ ներկա են մեր երկրի ու հասարակության արժանավոր ներկայացուցիչներ: Առաջին հերթին հենց նման մարդկանց շնորհիվ է, որ մեր պետությունը կանգուն է եւ նման մարդկանց շնորհիվ է առաջընթաց արձանագրում մեր ժողովուրդը:20 տարի առաջվա Հայաստանը եւ այսօրվա Հայաստանը ոչ միայն աշխարհի, այլեւ մեզ համար բացարձակապես տարբեր երկրներ են: Մեր երկիրը վերափոխվել է հենց մարդկանց` կոնկրետ անհատների նվիրված աշխատանքով: Եվ յուրաքանչյուրի բերած աշխատանքի կաթիլները միավորվելով մեծ ուժ են դառնում: Առածն է ասում. «Ջրի կաթիլը քար է ծակում»: Մենք որպես ազգ 20 տարի շարունակ կաթիլ-կաթիլ քար ենք ծակել: Այսօր պարգեւատրվողներից յուրաքանչյուրն ինձ համար ահա այդպիսի մի թանկ ու կարեւոր կաթիլ է:
20 տարի առաջվա Հայաստանը եւ այսօրվա Հայաստանը, այնուամենայնիվ, նույն երկիրն են` նույն լեզվական, մշակութային ու ընտանեկան ավանդույթներով, ինչպես նաեւ ազգային իղձերով: Մենք միշտ մնալու ենք նույնը, բայց նաեւ միշտ տարբեր. պահպանողական ու արդիական, ազգային ու միջազգային, միշտ հին ու միշտ նոր: Սա է հավերժության ճանապարհը, եթե հավակնում ենք հավերժի ճամփորդ լինել:Զինվոր թե սպա, գիտնական թե արվեստագետ, բժիշկ թե ուսուցիչ, շինարար թե քաղծառայող, բանվոր թե նախարար` բոլորս մեծ հաշվով նույն գործն ենք անում` նույն կառույցի մասերն ենք: Ինչպես տաճարի հիմքը, սյուներն ու գմբեթն ունեն տարբեր գործառույթներ, բայց բոլորը միասին մեկ ամբողջություն են: Վահան Տերյանն ասում էր. «Տաճար է մեր երկիրը, սուրբ է ամեն քար»: Եվ եթե մեզնից յուրաքանչյուրն իրեն ընկալի որպես մի քար տաճարի պատի մեջ, ապա կտեսնի, թե որքան ուժեղ, գեղեցիկ ու անմահ ենք մենք միասին, եւ որքան խոցելի ենք, երբ տաճարի պատից քար է պակասում: Այսօր հայրենիքը արժանին է մատուցում նրանց, ովքեր ունեն այդ գիտակցությունը, ովքեր ապրում ու աշխատում են այդ գիտակցությամբ, ովքեր չափանիշ են ձեւավորում, քանզի վաղվա սերունդը հենց այդ չափանիշներով է առաջնոդվելու:
Կրկին շնորհավորում եմ ձեզ եւ շնորհակալություն հայտնում ձեր վաստակի համար` այն հաստատ հավատով, որ դուք ձեր գործընկերների հետ միասին շարունակելու ու զարգացնելու եք ձեր եւ մեր հաջողությունները: Հաջողություններ, որոնց շնորհիվ 20 տարի հետո ունենալու ենք բոլորովին ուրիշ, բոլորովին նոր երկիր, բայց որը լինելու է նույն հինավուրց ու շատ սիրելի Հայաստանը»:



























