Անկախության տոնը մեր ժողովրդի տոնացույցի ամենագլխավոր օրն է, մեր նորանկախ պետության ու ժողովրդի երանելի ճանապարհը: Այս մասին ասված է ԵԿՄ նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի` Հայաստանի ու ԼՂՀ անկախության 20-ամյակի առթիվ շնորհավորական խոսքում:
Մանվել Գրիգորյանի շնորհավորանքում, մասնավորապես, ասվում է.
«Հայաստանի «Երկրապահ» Կամավորականների միության, հանրապետության բոլոր ազատամարտիկների եւ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ` Անկախության հռչակման 20-րդ տարեդարձի` սեպտեմբերի 21-ի տոնի առթիվ:
Անկախության այս 20 տարիների ընթացքում, մենք հաղթահարեցինք լուրջ դժվարություններ, պաշտպանեցինք Արցախի ինքնուրույնությունը, ստեղծեցինք հզոր բանակ եւ շարունակում ենք կայացնել ու հզորացնել մեր պետականությունը: Սա մեր ժողովրդի դարավոր երազանքն է, որին տեր ենք մեր արժանապատվությամբ:
Սեպտեմբերի 21-ի տոնին նախորդում է սեպտեմբերի 2-ը` Արցախի անկախության հռչակման տոնը: Մեր ժողովրդի ամենամեծ նվաճումը Արցախի անկախությունն է: Արցախահայությունը արդեն 20 տարի ապրում է ինքնուրույն եւ որով հպարտանում է համայն հայությունը:
Շնորհավորում եմ ողջ հայությանը` Արցախի անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ:
Մեր ժողովուրդն իր դժվարությունների, մաքառումների, զրկանքների եւ հերոս տղաների արյան գնով աշխարհին ապացուցեց, որ կարող է ապրել ազատ ու անկախ, կարող է իր որդիների կյանքի գնով պաշտպանել անկախ ապրելու իր սրբազան իրավունքը: Ազատության ու անկախության հաղթանակի դրոշը պարզած հայ ժողովուրդը մշտապես հավատով ու հույսով լցված պիտի նայի ապագային եւ միակամ շարժվի դեպի համահայկական իղձերի իրականացում:
Անկախության տոնը մեր ժողովրդի տոնացույցի ամենագլխավոր օրն է, մեր նորանկախ պետության ու ժողովրդի երանելի ճանապարհը, որի խաղաղ ընթացքի ապահովման համար թափված արյան արժեքի գիտակցումով` երկրապահները, հանրապետության բոլոր ազատամարտիկները միշտ պատրաստ են ու զգոն: Միասնականության ամուր հավատով, ու հանուն մեր սուրբ նահատակների մենք պարտավոր ենք հաղթահարել նաեւ ժամանակի մարտահրավերները եւ առաջ ընթանալ` ապագան վստահելով նոր սերնդին:
Մեր անկախությունը արդեն 20 տարեկան է: Մեր անկախ պետականությունը արդեն 20 տարեկան է, եւ որը յուրաքանչյուրիս հոգատարության կարիքն ունի: Տեր կանգնենք մեր 20-ամյա անկախությանը, միասնաբար հզորացնենք մեր երկիրը: Մեր հզորությունը` մեր միասնության մեջ է:
Անկախության տոնի առթիվ կրկին շնորհավորում եմ բոլորիս, զոհված ազատամարտիկների մայրերին, հարազատներին, միշտ մարտունակ արցախահայությանը, աշխարհասփյուռ հայ ժողովրդին եւ ցանկանում խաղաղություն ու անսպառ հավատ` ապագայի հանդեպ»:



























