Հայ ազգային  կոնգրեսի՝ սեպտեմբերի 23-ին կայանալիք հանրահավաքը կառույցի մարտավարության հստակեցման տեսանկյունից անչափ կարեւոր է լինելու։ Այս մասին սեպտեմբերի 19-ին, տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը։

«Սեպտեմբերին ամփոփվելու են տրված ժամկետներն ու դրա ընթացքում իշխանության կատարած գործողությունները։ Այդ ժամանակ քայլն արդեն մերն է լինելու։ Ժողովուրդը պետք է հավաքվի՝ որոշումներ ընդունելու համար։ Իշխանությունները բաց են թողնում  երկխոսության միջոցով ազգային հաշտության հասնելու եւ դեպի ժողովրդավարություն անցնցում անցում կատարելու վերջին հնարավորությունը։ Տեսնելով իշխանությունների անընդունակությունը՝ սթափ գնահատելու իրողությունները եւ ընդունելու ժողովրդի աջակցությունը վայելող ընդդիմության խաղաղ ժողովրդավարացման ծրագիրը՝ ժողովուրդն այս իշխանությունների հետ ստիպված է լինելու խոսել նրանց համար ավելի հասկանալի լեզվով։ Շատ քիչ ժամանակ է մնում սթափվելու եւ Հայաստանի քաղաքական համակարգը սահուն գործընթացով վերափոխելու համար»,- ամփոփեց Զուրաբյանը՝ նկատելով, որ սեպտեմբերի 23-ին կայանալիք հանրահավաքը բոլոր առումներով կարեւորագոյւն փուլ է լինելու ՀԱԿ-ի հաղթական պայքարում։

Ամփոփելով՝ Զուրաբյանը վարչակազմին առաջարկեց հանուն Հայաստանի Անկախության 20-ամյակի մեծ, շքեղ նվեր անել ժողովրդին եւ հեռանալ իշխանությունից։

Նշենք, որ ՀԱԿ հաջորդ հանրահավաքը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին։ Նախոդ հանրահավաքը տեղի էր ունեցել սեպտեմբերի 9-ին։