Խորհրդային տարիներին պաշտոնական քարոզչությունը քաղաքացիներին ակտիվորեն վախեցնում էր կապիտալիզմի սարսափներով: Խորհրդային քարոզչությունն անդադար խոսում էր կապիտալիստական երկրների թանկ կյանքի եւ սովյալ աշխատավորների մասին: Զարգացած երկրների դեպքում այս քարոզչությունն ապատեղեկատվական էր, իսկ զարգացող երկրների աղքատ ու թշվառ աշխատավորների եւ գործազուրկների բանակներն այսօր դարձան արաբական աշխարհի ապստամբական հուզումների շոգեքարշը:
Միջազգային ֆինանսական կազմակերպությունների արձագանքն անսպասելի էր: Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավարն արեց հեղափոխական հայտարարություն: Ազատական տնտեսության քարոզիչը խոստովանեց, որ աշխարհում տեղի է ունենում եկամուտների անարդար բաշխում: Այս ճշմարտությունը հանրահայտ է, սակայն զարմանք է առաջացնում, որ այդ մասին խոսում է տվյալ իրավիճակը խրախուսած կազմակերպության ներկայացուցիչը: Ավելի զգուշավոր էին կապիտալիզմի ու ազատական տնտեսության մյուս ջատագովի` Համաշխարհային բանկի հայտարարությունները: Աշխատանքի միջազգային կազմակերպությունն արտահայտությունների մեջ անողոք էր. համաշխարհային տնտեսությունը զարգացել է լուրջ սխալներով ու առանց հավասարակշռության, զարգացող երկրները քիչ ուշադրություն են դարձրել պարենի արտադրությանը, ինչի հետեւանքով սննդամթերքի գներն այդ երկրներում կտրուկ աճել են:
Այսպիսով, համաշխարհային տնտեսությունում տեղի է ունենում արժեքների վերաիմաստավորում: Հումքի արդյունահանման ու արտահանման վրա շեշտը դրած զարգացող երկրներում այժմ առաջնահերթությունը տրվում է գյուղատնտեսությանը:
Հայաստանում մինչեւ 2009 թվականը ՀՆԱ-ում զգալի բաժին ուներ լեռնահանքային հումքի արատահանումն ու շինարարությունը: Ընդ որում, կառուցվում էին ոչ թե ֆերմաներ ու արտադրական տարածքներ, այլ` բազմաբնակարանային շենքեր: Երկնիշ տնտեսական աճի ֆոնին անուշադրության մատնվեց գյուղատնտեսությունը, որը հսկայական խնդիրներ ունի:
Ավանդական եղանակային խնդիրներից բացի լուրջ տեղ են զբաղեցնում աշխատանքի ցածր մեխանիզացիան, հնացած տեխնոլոգիաները եւ ցածր արտադրողականությունը:
Արտադրության փոքր ծավալները ազդում են ֆերմերների եկամուտի վրա: Փոքր տնտեսությունները սահմանափակ ընտանեկան բյուջեի պատճառով իրենք են սպառում իրենց աճեցրած մթերքը: Բերքահավաքի ժամանակ մեծաքանակ մթերումների ցածր գների պատճառով գյուղատնտեսները չեն կարողանում ստանալ նորմալ եկամուտ:
Անցած տարվա գնաճից հետո տպավորություն է ստեղծվում, թե գյուղատնտեսական արտադրանքի գները նվազել են մինչեւ նույն մակարդակը. մրգի գինը 2011թ. օգոստոսին 2010թ. նույն ամսվա համեմատ նվազել է միջինը 5,5%, իսկ բանջարեղենինը` 25,7%: Սակայն, եթե գները դիտարկենք 2009թ. օգոստոսից, ապա կտեսնենք, որ երկու տարում մրգի գինը միջինը բարձրացել է 28,1%, իսկ բանաջարեղենի ու կարտոֆիլի գները` 36,4%:
Մի շարք ապրանքների շուկաներում գներն ու սակագները արհեստականորեն բարձրացվում են մրցակցության բացակայության պատճառով եւ սպառողներին պատմում են օբյեկտիվ գնամակարդակի եւ շուկայական գների մրցակցային ձեւավորման մասին հեքիաթներ: Իսկ գյուղատնտեսական շուկայում մանրածախ վաճառողների մեծ քանակը որոշակիորեն զսպում է չափազանց բարձր գների հաստատմանը: Վերավաճառողների արածը սպեկուլյացիա է, սակայն նրանք զրկված են մոնոպոլ գնի հաստատման հնարավորությունից: Վերավաճառողների գործունեության հետեւանքով ավելի շատ նվազում է մեծածախ գինը, քան աճում է մանրածախ գինը:
Գյուղատնտեսական ապրանքների գնաճի պատճառ դարձավ նաեւ անցած տարվա բերքի մի մասի կորուստը: Մանրածախ գներով Երեւանը հասել է զարգացած եվրոպական երկրներին, սակայն աշխատավարձի մակարդակով մենք զգալիորեն զիջում ենք: Համեմատության մեջ նաեւ պետք է հաշվի առնել եվրոյի փոխարժեքի ոչ օբյեկտիվ պատկերը դրամի նկատմամբ:
Այսպես, եթե Երեւանում խնձորի 1 կգ-ն 1,2 եվրո է, ապա եվրոպական մայրաքաղաքներից մեկում` 1 եվրո: Տանձի 1 կգ-ն Երեւանում 1,5 եվրո է, այնտեղ` 1,3 եվրո: Աղքատների պարենամթերք համարվող կարտոֆիլը Երեւանում էժան է ընդամենը 0,2 եվրո: Այս տարբերությունները կարող են մեծ չթվալ, սակայն սահմանափակ բյուջեով ընտանիքների համար այն զգալի է: Բացի այդ ձմռանը Հայաստանում տեղի է ունենում մրգի ու բանջարեղենի հսկայական գնաճ, իսկ Եվրոպայում գները մնում են գրեթե նույնը:




























