Մի կողմից մեր պետությունը կարեւորում է արտերկրի մեր հայրենակիցներին, նրանց կարողություններն ու հնարավորությունները, սակայն մյուս կողմից հնարավորություն չի տալիս նրանց իրենով հպարտանալու, իրենով դրականորեն ներշնչվելու, եւ իրեն անմնացորդ նվիրվելու: Այս մասին Սփյուռքի կառույցների ղեկավարների մասնակցությամբ տեղի ունեցած համաժողովում հայտարարել է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:
«Ինչպիսի՞ Հայրենիք են հրամցնում մեր ժողովրդին իշխանությունները: Հայրենիք, ուր անկախությունից 20 տարի անց առկա է աղքատություն, անգործություն, թերաճ տնտեսություն, սոցիալական անապահովություն, անարդարություն, արտոնյալ քրեական, կիսաքրեական խավի սանձարձակություն: Հայրենիք, որից շարունակում են անխնա հեռանալ:
Հայրենիք, ուր դեռ հստակ ու պարզորոշված չեն ազգային հիմնահարցերի ըմբռնումն ու հետապնդումը: Ուր կա հավանականություն, որ ինչ-ինչ հաշիվներից ելնելով կարող են մանրադրամի վերածվել ազգային խնդիրները»,- իր ելույթում նշել է Հ. Մարգարյանը, հավելելով, որ դրա ամենավառ օրինակը, հակառակ ՍԴ հայտնի որոշման, հայ-թուրքական արձանագրություններից մեր ստորագրությունը հետ չկանչելն է:
«Մեր հայրենի պետական այրերը ուզում են մեզ համխմբված տեսնել հայրենիքի շուրջ, բայց բավարար չէ: Բավարար չէ միայն հաշվարկ անել մարդկանց ազգային, հայրենասիրական, զգացական մղումների վրա, որովհետեւ այս ամենը կարող է սպառվել, եթե չզուգահեռվի հիրավի արդար եւ զարգացման ընթացք ընդունած հայրենիքի կառուցմամբ:
Թող լինենք հոգատար եւ արդար մեր ժողովրդի հանդեպ, մեր պետության քաղաքացու հանդեպ, թող մեր ազգային ու քաղաքացիական արժանապատվության ու իրավունքների տերը լինենք եւ կտեսնենք, թե ինչպես կունենանք մեր ժողովրդի ամբողջական զորակցությունը: Կտեսնենք, թե ինչպես կունենանք զարգացման ուղի դուրս եկած երկիր` պատրաստ դիմակայելու ցանկացած արտաքին մարտահրավերի:
Չգիտեմ ուր` ինչպես, բայց մեր երկրում, մեր Հայրենիքում առկա սոցիալ-տնտեսական այս պայմաններում հայրենակերտումը, պետականաստեղծ գործը նաեւ ու անպայման պետք է լինի արդարություն կերտող, արդարություն պարտադրող գործ: Առանց սոցիալական արդարության մենք հզոր հայրենիք չենք ունենալու:
Մեր հասարակությունը բեւեռացվում է, ծայրահեղորեն բեւեռացվում է: Եւ այս ծայրահեղ սոցիալական բեւեռացման պայմաններում խոսք անգամ չի կարող լինել համերաշխության, միասնականության եւ համախոհության մասին: Երբ խեղված է ներազգային համընդհանուր մթնոլորտը, իրավիճակն անխուսափելիորեն դառնում է պայթյունավտանգ:
Առաջին հայացքից դժվար է սիրել այն հայրենիքը, որ թաղված է կոռուպցիայի մեջ, ուր տիրում է անարդարությունն ու ազգային հարցերում շփոթը: Այլ խոսքով մեր երկրում առկա վիճակը կարող է սպանել հայրենասիրությունը մեր մեջ:
Բայց մի՞թե մենք դրա իրավունքն ունենք: Մի՞թե մենք իրավունք ունենք թույլ տալու, որ մեր մեջ սպանեն կամ մեռնի հայրենասիրությունը: Հակառակը: Որքան ուզում է ծանր, անհասկանալի եւ անընդունելի լինի մեր երկրում տիրող իրավիճակը, այն առավել պիտի մղի մեզ հայրենասիրության, էլ առավել պիտի իմաստավորի եւ արժեւորի հայրենասիրությունը մեր մեջ»- ասել է նա:




























