«Northern Minerals Ltd» ընկերությունը երեքշաբթի հայտնել է, որ Ավստրալիայի կառավարությունն արգելափակել է ծանր հազվագյուտ հողերի մետաղներ արտադրող ընկերության ամենամեծ բաժնետիրոջ՝ չինական Yuxiao Fund-ի հիմնադրամի՝ իր ներդրումները ավելացնելու հնարավորությունը՝ հիմնվելով ազգային շահերի վրա, հաղորդում է Reuters-ը:
Օգոստոսին Yuxiao հիմնադրամը դիմել էր օտարերկրյա ներդրումների հարցերով խորհրդին՝ իր բաժնեմասը 9,92 տոկոսից 19,9 տոկոսով ավելացնելու համար։ Կառավարության գրանցամատյանը ցույց է տալիս, որ գանձապահ Ջիմ Չալմերսը արգելքը ստորագրել է փետրվարի 15-ին:
Սինգապուրում գրանցված հիմնադրամը պատկանում է չինացի Յուսյաո Վուին, ով նաեւ Մոզամբիկում հանքեր ունի, որոնք հազվագյուտ հողերի մետաղներ են մատակարարում Չինաստանին, Reuters-ին ասել է Northern Minerals-ի գործադիր նախագահ Նիք Կերտիսը:
«Ցանկացած կառավարության համար կա ակտիվների հատուկ կատեգորիա՝ իր ազգային շահերը պաշտպանելու համար»,- ասել է Կերտիսը։
Չինաստանը քննադատել է Ավստրալիային՝ ազգային անվտանգության նկատառումներով չինական ներդրումները նախկինում արգելափակելու համար:
Երկու երկրների հարաբերությունները բարելավվում են տարիներ տեւած լարված հարաբերություններից հետո, թեեւ Չինաստանի կողմից ավստրալիական արտահանման «առեւտրային շրջափակումը» պահպանվում է:
Նոյեմբերին Չալմերսն ասել էր , որ Ավստրալիան՝ լիթիումի աշխարհի առաջատար մատակարարը եւ հազվագյուտ հողերի մետաղների խոշոր արտադրողը, ավելի ընտրողական կդառնա այն հարցում, թե ում թույլ կտա ներդրումներ կատարել հանքային հումքի իր կարեւորոգաույն արդյունաբերության մեջ:
«Northern Minerals»-ը հայտարարել է, որ ծրագրում է դառնալ դիսպրոզիումի առաջին խոշոր համաշխարհային արտադրողը Չինաստանի սահմաններից դուրս, որը վերահսկում է մատակարարման 94 տոկոսը: Դիսպրոզիումը էլեկտրական մեքենաների մագնիսների հիմնական բաղադրիչն է:





























