ԱՊՀ-ի գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը հույս ունի, որ կառավարությունների ղեկավարները հունիսին կստորագրեն ծառայությունների ազատ առեւտրի մասին համաձայնագիրը, տեղեկացրել է ԲԵԼՏԱ-ն։

«Կառավարությունների ղեկավարների Խորհրդի նիստը տեղի կունենա մոտավորապես հունիսի 7-8-ին Սոչիում, ռուսական կողմի առաջարկով։ Այնտեղ տեղի կունենա տնտեսական ուղղվածության միջոցառումների մի ամբողջ համալիր։ Այդ միջոցառումները տեղի կունենան հունիսի 7-9-ին Սոչիում»,- ասել է Սերգեյ Լեբեդեւը։

Մասնավորապես, նախատեսված են ԵԱՏՄ-ի գծով միջոցառում եւ տնտեսական համաժողով։

Նրա խոսքով՝ Կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը հագեցած է։ «Մենք առաջարկում ենք մտցնել 15 հարց։ Գլխավոր հարցը, ըստ մեզ, կլինի ծառայությունների ազատ առեւտրի մասին համաձայնագիրը, որի ուղղությամբ արդեն ավելի քան 10 տարի աշխատում ենք։ Այդ օրերին տեղի կունենան փաստաթղթի դրույթների եզրափակիչ համաձայնեցումները։ Մենք հույս ունենք, որ կառավարությունների ղեկավարները կստորագրեն ծառայությունների ազատ առեւտրի մասին համաձայնագիրը»,- նշել է Սերգեյ Լեբեդեւը։

Կառավարությունների ղեկավարները նաեւ կարծիքներ կփոխանակեն տնտեսական համագործակցության արդիական հարցերի վերաբերյալ։

Համագործակցության մասնակից պետությունների մշտական լիազոր ներկայացուցիչների խորհրդի հերթական նիստը  տեղի է ունենում այսօր, Մինսկում, ԱՊՀ-ի Գործադիր կոմիտեում։ Մասնակիցները քննարկելու են ԱՊՀ Դիտորդների առաքելության գործունեությունը 2021-2022թ. Համագործակցության երկրների նախագահական եւ խորհրդարանական ընտրություններում, ինչպես նաեւ հանրաքվեներում։ Մշտական ներկայացուցիչների խորհրդի անդամները մտադիր են նաեւ դիտարկել Սոչիում կառավարությունների ղեկավարների հերթական նիստի օրակարգի նախագիծը։