Էներգետիկայի հարցերով հանձնակատար Քադրի Սիմսոնն ասել է, որ ԵՄ անդամ երկրների նախարարներին տեղեկացրել է գազի ճգնաժամի հաղթահարման եւ ռուսական հանածո վառելիքից կախվածության աստիճանական կրճատման մասին: Այս մասին հայտնում է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը։

Նրա հաղորդմամբ՝ Ռուսաստանը այլեւս Եվրոպայում գազի առաջատար մատակարարը չէ․ նրան փոխարինել են ԱՄՆ-ն եւ Նորվեգիան։

«12 ամսում ռուսական գազի մատակարարումները 155 մլրդ խմ-ից կրճատվել են մինչեւ 62 մլրդ խմ։ Հեղուկ բնական գազի ներկրումն, ընդհակառակը, ավելացել է՝ 2021 թվականի 80 մլրդ խմ-ից մինչեւ 135 մլրդ խմ՝ 2022 թվականին», - ասել է Սիմսոնը։

Միեւնույն ժամանակ եվրահանձնակատարի խոսքով ԵՄ անադմ երկրների գազի պահանջարկը 19 տոկոսով նվազել է՝ օգոստոսից հունվար ընկած ժամանակահատվածում։ Այլ կերպ ասած՝ Եվրոպային հաջողվել է գազի սպառումը 38 մլրդ խմ-ով կրճատել։

«Մեր գազի պահեստարանները լցված են ավելի քան 62 տոկոսով։ Այս ամենը տեղի ունեցավ էկոլոգիապես մաքուր էներգետիկայի արագացված անցնման  ֆոնին։ 2022-ին Եվրոպայում տեղադրվեցին էներգիայի վերականգնվող աղբյուրների ավելի քան 50 ԳՎտ նոր հզորություններ՝ հիմնականում արեւային եւ հողմային։

Այսօր մենք կարող ենք ասել, որ Ռուսաստանի էներգետիկ շանտաժը ձախողվել է։ Մենք հույս ունենք ջեռուցման սեզոնն ավարտել ավելի քան 50 տոկոսվ լցված պահեստարաններով։ Գազի շուկայական գները շարունակում են բարձր մնալ, մոտ 50 եվրո 1 ՄՎտ համար, ինչը, սակայն բավականին ցածր է անցյալ տարվա բարձր գներից», - ասել է Սիմսոնը։