Թուրքիայի տնտեսությունը չորրորդ եռամսյակում տարեկան կտրվածքով աճել է 3,5 տոկոսով։ Այս մասին վկայում են երկրի վիճակագրական ինստիտուտի (TurkStat) նախնական հաշվարկները։
Երրորդ եռամսյակում՝ վերանայված տվյալների համաձայն, ՀՆԱ-ն աճել է 4 տոկոսով, այլ ոչ թե 3,9 տոկոսով, ինչպես նախկինում հայտարարվել էր:
Վերլուծաբանները հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին աճի տեմպերի ավելի զգալի դանդաղում են կանխատեսել՝ միջինը մինչեւ 3 տոկոս, հաղորդում է Trading Economics-ը։
Սպառողական ծախսերն աճել են 16,1 տոկոսով (երրորդ եռամսյակում՝ 20,4 տոկոսով), բիզնեսի ներդրումները՝ 2,6 տոկոսով (0,8 տոկոսով նվազում): Միեւնույն ժամանակ, պետական ծախսերն աճել են 9 տոկոսով, ինչը առավելագույն աճ է 2018-ի նախագահական ընտրություններից ի վեր՝ հուլիս-սեպտեմբեր ամիսներին 4,7 տոկոս աճից հետո:
Արտահանումը հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին նվազել է 3.3 տոկոս ով, իսկ ներմուծումն աճել է 10.2 տոկոսով։ Երրորդ եռամսյակում այդ ցուցանիշներն աճել են համապատասխանաբար 12,4 եւ 11,9 տոկոսով:
Թուրքիայի տնտեսությունը չորրորդ եռամսյակում նախորդ երեք ամիսների համեմատ աճել է 0,9 տոկոսով (երրորդ եռամսյակում ցուցանիշը նվազել է 0,1 տոկոսով):
Երկրի ՀՆԱ-ն 2022 թվականի արդյունքներով աճել է 5,6 տոկոսով՝ մեկ տարի առաջ գրանցված 11,4 տոկոս ռեկորդային աճից հետո։
Համաշխարհային բանկի գնահատմամբ՝ փետրվարի սկզբին Թուրքիայի տարածքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերը ավելի քան 34 մլրդ դոլարի վնաս են հասցրել, ինչը համարժեք է 2021 թվականին երկրի ՀՆԱ-ի 4 տոկոսին։





























