Հյուսիսային Օսիայի Վերին Լարսի անցակետով թուրքական ծանր բեռնատարների համար նախատեսված «Կանաչ միջանցքը» եւս մեկ ամիս կաշխատի։ Այս մասին, ըստ «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության, հայտարարել է շրջանի ղեկավար Սերգեյ Մենյայլոն։
Թուրքիա մեկնող ծանր բեռնատարների համար «կանաչ միջանցք» կազմակերպելու որոշումը տարածաշրջանի իշխանությունները կայացրել են այս երկրում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից հետո։
Մենյայլոյի խոսքով՝ փետրվարի 11-ից միջանցքով անցել է ավելի քան 500 ավտոմեքենա։
«Թուրքական ծանր բեռնատարների եւ Թուրքիայում երկրաշարժից տուժածների համար մարդասիրական օգնություն տեղափոխող մեքենաների համար նախատեսված «Կանաչ միջանցքը» հանրապետության տարածքում կգործի եւս մեկ ամիս», - ասել է պաշտոնյան։
Նրա խոսքով, Վերին Լարսի անցակետ առանց հերթի բեռնատարների անցումը ցույց է տվել, որ սա արդյունավետ օգնություն է տուժած երկրին։
Նա հավելել է, որ Թուրքիա մեկնող վարորդների համար նույնպես փորձում են մաքսազերծում եւ անձնագրային հսկողություն իրականացնել արագացված ռեժիմով։




























