Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը հաստատում է, որ Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված Երեւանում կայանալիք հիմնական զորահանդեսին զուգահեռ, առանձին զորահանդես է տեղի ունենալու նաեւ Կապանում: Այս մասին նա ասաց NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում։
Մարզպետը նշեց, որ զորահանդեսը կայանալու է մարզկենտրոնի Գարեգին Նժդեհի հրապարակում, սեպտեմբերի 21-ին ժամը 11։00-ին։
Հարցին, թե հավաստի՞ է հայաստանյան թերթերից մեկի այն հրապարակումը, որ նա իր այս քայլով փորձում է սեփական վարկանիշը բարձրացնել Հայաստանի նախագահի աչքում, Սուրեն Խաչատրյանն իրեն հատուկ «քաղաքավարությամբ» ասաց. «Շատ ես խոսում արդեն» ու կախեց լսափողը։
Նշենք, որ հայաստանյան պարբերականներից մեկն օրերս գրել էր, որ Հայաստանի անկախության 20-ամյակի առթիվ պատմական Լեռնահայաստանը՝ Սյունիքը, որոշել է իր առանձին զինվորական շքերթն անցկացնել։ Սեպտեմբերի 21-ին մարզկենտրոնի Գարեգին Նժդեհի հրապարակում զորահանդեսի դուրս կգան մարզում տեղակայված բանակային ստորաբաժանումների մարտիկները:
«Ասում են՝ սրանով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը փորձում է նախագահին ապացուցել իր հավատարմությունը անկախությանը ու Նժդեհյան գաղափարներին։ Վերջին շրջանում նախագահի մոտ ընկել է Սյունյաց առաջնորդի վարկանիշը, եւ խոսակցություններ կան, որ սրանով նա փորձում է կրկին շեֆի «աչքը մտնել»:
Պատմում են, որ Խաչատրյանն սկսել է Նժդեհի հոդվածներից անգամ առանձին հատվածներ անգիր անել ու ՀՀԿ բարձրաստիճան ներկայացուցիչների մոտ արտասանել դրանք. Սյունիքի մարզում այս անգամ իշխանություններն ուզում են լիովին հենվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանի վրա, որը Լիսկայի հետ տեւական ժամանակ է, ինչ չի հարաբերվում»,- գրել էր թերթը։



























