ԱՄՆ զինված ուժերի ինժեներական կորպուսի հայազգի նախկին զինվորականն իրեն մեղավոր է ճանաչել Իրաքի կապալառուներից կաշառք ստանալու մեջ: ԱՄՆ արդարադատության նախարարության հաղորդագրության մեջ ասվում է, որ Վիրջինիա նահանգի Չանթիլի քաղաքի 50-ամյա բնակիչ Արամ Թոմաս  Մանուկը իրեն մեղավոր է ճանաչել շրջանային դատավոր Ջ.Թրենգայի նախագահությամբ կայացած նիստում:

Marketwatch.com-ի փոխանցմամբ, Մանուկը խոստովանել է, որ 10 հազար դոլար է ստացել իրաքցի կապալառուներից մանկապարտեզի շինարարության թույլտվություն հատկացնելու համար:

Նա դատական նիստում նշել է, որ ցանկացել է օգտագործել իր կապերը եւ գումարներն ընկերների միջոցով ուղարկել Հայաստան, որպեսզի թաքցնի դրանց ծագումը ամերիկյան արդարադատությունից:

Դատական լսումները կայանալու են դեկտեմբերի 9-ին, Արամ Թոմաս Մանուկին սպառնում է մինչեւ 5 տարվա ազատազրկում: