ԱՄՆ-ի եւ Չինաստանի զինված բախումը Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում կարող է համակողմանի ազդեցություն ունենալ ամերիկյան հասարակության վրա։ Այս մասին գրել է Վաշինգտոնի Ռազմավարական եւ բյուջետային գնահատականների կենտրոնի վերլուծաբան Ռոս Բեբիջը The New York Times-ի հոդվածում։

Նրա խոսքով՝ մեծ պատերազմը Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, ըստ երեւույթին, այժմ շատ ավելի հավանական է, քան երբեւէ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր, եւ առավել հնարավոր պատրվակը կարող է դառնալ ներխուժումը Թայվան։

«Կշոշափվեն Միացյալ Նահանգների կենսականորեն կարեւոր ռազմավարական շահերը։ Չինական հաջող ներխուժումը Թայվան ճեղքվածք կառաջացնի ԱՄՆ-ի եւ տարածաշրջանում նրա դաշնակիցների պաշտպանության շղթայում՝ լրջորեն վնասելով Ամերիկայի ռազմավարական դիրքը Խաղաղ օվկիանոսի արեւմտյան մասում, եւ, հավանաբար, ԱՄՆ-ի համար կփակի Թայվանում արտադրվող կիսահաղորդիչների եւ կենսականորեն կարեւոր այլ բաղադրիչների հասանելիությունը»,- նշել է Բեբիջը։

Նա ավելացրել է, որ Չինաստանի հետ բախման դեպքում ամերիկյան հասարակությունը պատերազմի այլ տեսակ կզգա, որը խորքից կազդի նրա վրա։