Տիեզերքի միջին ջերմաստիճանը բավականին սառն է եւ տատանվում է բացարձակ զրոյից 3 աստիճան բարձրի սահմաններում։ Խորը տիեզերքի ջերմաստիճանը որոշելու համար մեզ նյութ է պետք, քանի որ հենց նյութի միջոցով է, որ մենք կարող ենք որոշել այն։ Այդ մասին գրում է «Новая наука»-ն։
«Օրինակ, սենյակում ջերմաստիճանը որոշվում է սենյակում օդի բոլոր մոլեկուլների միջին շարժով: Որքան շատ էներգիա ունեն, այնքան ավելի արագ են շարժվում, եւ այնքան բարձր է ջերմաստիճանը։ Եթե դիպչեք շատ տաք առարկայի, նրա ատոմներն ու մոլեկուլները սկսում են կատաղի տատանվել՝ տալով նրան շատ բարձր ջերմաստիճան։ Բայց միջաստղային տարածության մեջ այդքան շատ նյութ չկա։ Տիեզերքի միջին խտությունը ջրածնի մոտավորապես մեկ ատոմ է՝ մեկ խորանարդ մետրում: Ուստի միջաստղային տարածության մեջ նյութի ջերմաստիճանը որոշելը շատ դժվար է»,- նշում է հրատարակությունը։
Սակայն, գիտնականները հաստատում են, որ տիեզերքը ներծծված է ինչ-որ այլ բանով՝ շատ սառը ճառագայթման անծայրածիր ծովով: «Ճառագայթման մի մասը արձակվում է աստղերից, գալակտիկաներից եւ այն արձակող այլ առարկաներից, սակայն տիեզերքի ճառագայթման ամենամեծ աղբյուրը, այսպես կոչված, տիեզերական ֆոնային ճառագայթումն է (կամ նաեւ տիեզերական միկրոալիքային ֆոնը՝ CMB): CMB-ն ձեւավորվել է, երբ տիեզերքը մոտ 380 000 տարեկան է եղել, այդ ժամանակ տիեզերքը միլիոն անգամ փոքր էր, քան այսօր, եւ տաք, խիտ պլազմայի վիճակում էր: Տիեզերքի ընդարձակվելուն եւ սառչելուն զուգընթաց՝ այն դարձել է թափանցիկ՝ արձակելով մոտ 9700°C ջերմաստիճանի ճառագայթում, նույն ջերմաստիճանի, ինչ արեւի մակերեւույթը։ Այս ճառագայթումը կազմում է տիեզերքի մնացած բոլոր ճառագայթումների 99,999%-ը: Նրա արձակումից ի վեր մեր Տիեզերքն ընդլայնվել է, ինչը հանգեցրել է նույն ճառագայթման նոսրացմանը՝ նվազեցնելով ջերմաստիճանը:
Բացի այդ, տիեզերական ընդլայնումն ազդում է հենց լույսի վրա՝ այն տեղափոխելով ավելի երկար եւ սառը ալիքների կողմը: Այս ընդլայնման համադրված ազդեցությունը նվազեցրել է CMB-ի ջերմաստիճանը բացարձակ զրոյից մոտ 3 աստիճանով, որը չափվում ր 2,7 Կելվինով կամ -270,45 °C-ով: Սա նշանակում է, որ եթե դուք լինեիք միջաստղային տարածության մեջ, ապա ձեր մարմինը կշարունակեր սառչել այնքան ժամանակ, մինչեւ այն մոտենար բացարձակ զրոյին: Բայց դուք երբեք չեք հասնի այս ջերմաստիճանին, քանի որ տիեզերական ֆոնային ճառագայթումը կշարունակի ընկնել ձեզ վրա՝ իր էներգիան փոխանցելով ձեր մարմնին: Այսպիսով, դուք չեք հասնի բացարձակ զրոյի, այլ հավասարակշռության կգաք միջաստղային տարածության (սառը) ջերմաստիճանի հետ»,- գրում է թերթը։





























