Հայաստանի ոստիկանությունն, ի դեմս ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների, վերջերս կրկին իրականացնում է քաղաքական հետապնդումներ ՀԱԿ Հրազդանի տարածքային կառույցի անդամների եւ ակտիվիստների նկատմամբ:Այս մասին հայտարարություն է տարածել ՀԱԿ-ի Հրազդանի տարածքային կառույցը:
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.«Հրազդանի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի նորանշանակ պետի անմիջական հրահանգով ՀԱԿ վերջին հանրահավաքի նախօրյակին ոստիկանները այցելել են բազմաթիվ քաղաքացիների բնակարարններ` վերջիններիս «խորհուրդ տալու»` չմասնակցել հանրահավաքին:Հայ Ազգային Կոնգրեսի Հրազդանի տարածքային կառույցը հարկ է համարում հիշեցնել, որ ՀՀ ոստիկանության լիազորությունները սահմանված են ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով եւ, այդ լիազորությունները վերազանցող յուրաքանչյուր ոստիկանի ցանկացած գործողություն համարվում է անօրինական:
ՀՀ ոստիկանության պաշտոնյաների հակաօրինական հրահանգներն ի զորու չեն ազդել մեր երկրում սահմանադրական կարգը վերականգնելու, համատարած կոռուպցիան եւ ամենաթողությունը վերացնելու, ահագնացող արտագաղթը կասեցնելու եւ ազատ ու ժողովրդավարական Հայաստան ունենալու համար պայքարող մեր ժողովրդի կամքի վրա: Ընդհակառակը, արդյունքում հենց ոստիկաններն են հայտնվում ողորմելի եւ ծիծաղելի վիճակում, երբ համոզվում են, թե ինչ ապուշ են իրենց հրահանգ տվողները:գ ՀՀ օրենք խախտելը բնավորություն դարձրած յուրաքանչյուր ոստիկան վաղ թե ուշ պատասխան է տալու օրենքի առաջ:Ոստիկանության վերը նշված գործողությունները համարելով անթույլատրելի, Հայ Ազգային Կոնգրեսի Հրազդանի տարածքային կառույցը ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ է. Հետայսու Հրազդանի ոստիկանության որեւէ ծառայողի կողմից լիազորությունների վերազանցման դեպքում ՀԱԿ Հրազդանի տարածքային կառույցը թիրախավորված քաղաքական ակցիաներ կիրականացնի Հրազդանի ոստիկանության անօրինական գործողություննի դեմ` հրապարակելով օրինազանց ոստիկանների անուններ, լուսանկարններ եւ տեսաձայնագրություններ:



























