Եվրահանձնաժողովը հրետանային արկերի, մասնավորապես ՆԱՏՕ-ի ստանդարտ 155 մմ տրամաչափի արկերի արտադրությունը բազմապատկելու պլան է մշակել՝ Ուկրաինա հետագա առաքման եւ դաշինքի երկրների զորքերի պաշարները համալրելու համար։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Spiegel-ին։
«Պլանի առաջին հիմնարար մասը կոչ է անում անհապաղ ավելացնել Ուկրաինա զինամթերքի մատակարարումը, հատկապես 155 միլիմետրանոց հրետանային արկերը»,- գրում է հրատարակությունը, որի տրամադրության տակ է հայտնվել փաստաթուղթը, որը հինգշաբթի օրը կներկայացվի Եվրահանձնաժողովի կողմից։ Հրատարակության տվյալներով՝ այդ նպատակների համար ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը շուտով Ուկրաինային 1 միլիարդ եվրոյի չափով ռազմական աջակցության լրացուցիչ փաթեթ կառաջարկի։
«Երկրորդ մասը նախատեսում է Եվրոպական պաշտպանական գործակալության (EDA) կողմից 155 մմ զինամթերքի համատեղ գնում՝ ԵՄ երկրների պաշարների բացերը լրացնելու եւ երկարաժամկետ հեռանկարում Ուկրաինայի մատակարարումն ապահովելու համար»,- գրում է Spiegel-ը։
Պլանի երրորդ հիմնարար կետը, ըստ հրապարակման տվյալների, պետք է ապահովի եվրոպական զինամթերքի արտադրության հզորությունների երկարաժամկետ աճ՝ հաշվի առնելով անվտանգության փոփոխված իրավիճակը։ Միաժամանակ Կիեւին զինամթերքի մատակարարման շուրջ իրավիճակն այժմ նույնիսկ ավելի «բարդ» է, քան անցյալ աշնանը, նշում է Spiegel-ը՝ վկայակոչելով մի փաստաթուղթ, որում, ըստ հրապարակման, դա մի քանի անգամ ընդգծվում է։
«Ռուսաստանն օրական արձակում է 20-60 հրետանային արկ, ինչը մոտ 10 անգամ ավելի է, քան Ուկրաինայի կողմից արձակվածը: Սակայն Եվրոպայի պաշտպանական արդյունաբերությունը կարող է արտադրել ամսական ընդամենը 20 000-25 000 փամփուշտ»,- ասվում է հոդվածում: Փաստաթղթի համաձայն՝ այս թիվը կարող է ավելացվել յոթ անգամ, իսկ այս տարի ԵՄ-ն ունի բավականաչափ արտադրական հզորություն՝ 4 միլիարդ եվրո արժողության մեկ միլիոն 155 միլիմետրանոց հրետանային արկ ստեղծելու համար։





























