2022 թվականի արդյունքներով ածխաթթու գազի (CO2) արտանետումները հասել են ռեկորդային ցուցանիշի՝ 36,8 միլիարդ տոննայի։ Սակայն այս նշաձողը կարող էր ավելի բարձր լինել, եթե չլիներ էներգիայի վերականգնվող աղբյուրների (ԷՎԱ) օգտագործման աճը, ասվում է Միջազգային էներգետիկ գործակալության (ՄԷԳ) մամուլի հաղորդագրության մեջ:
«CO₂-ի գլոբալ արտանետումները, կապված էներգետիկայի հետ, 2022 թվականին աճել են 0,9%-ով կամ 321 միլիոն տոննայով՝ հասնելով նոր առավելագույնի՝ ավելի քան 36,8 միլիարդ տոննայի: Մաքուր էներգիայի տեխնոլոգիաների ավելի լայն կիրառման շնորհիվ հաջողվել է խուսափել լրացուցիչ 550 միլիոն տոննա արտանետումներից»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Մի շարք պատճառներ նպաստել են 2022 թվականին ածխաթթու գազի արտանետումների ռեկորդային մակարդակին։ Հիմնականների թվում են եղանակային էքստրեմալ պայմանները, այդ թվում՝ երաշտն ու անոմալ շոգը աշխարհի որոշ շրջաններում, ինչպես նաեւ ատոմակայանների աշխատանքի դադարեցումը։ Միեւնույն ժամանակ, խոշոր միջազգային ընկերությունների կողմից հանածո վառելիքի օգտագործումից արտանետումները 12 ամսում նույնպես աճել են, ասել է ՄԷԳ-ի ղեկավար Ֆաթիհ Բիրոլը։
«Մենք դեռ տեսնում ենք հանածո վառելիքից արտանետումների աճ, ինչը խոչընդոտում է կլիմայի գլոբալ նպատակներին հասնելու ջանքերին: Հանածո վառելիքով աշխատող միջազգային եւ ազգային ընկերությունները ռեկորդային եկամուտներ են ստանում<....>։ Շատ կարեւոր է, որ նրանք վերանայեն իրենց ռազմավարությունները՝ համոզվելու համար, որ դրանք համապատասխանում են արտանետումների զգալի կրճատմանը»,- եզրափակել է նա:
Մարտի 1-ին Communications Earth & Environment ամսագիրը հրապարակել է Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականների ուսումնասիրության արդյունքները, որոնց համաձայն՝ գլոբալ ջերմաստիճանի 4°C-ով բարձրացման դեպքում բույսերի եւ փոշու վնասակար արտանետումները կավելանան 14%-ով։ Այդ պատճառով մարդկանց համար դժվար կլինի շնչելը:





























