ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը նորմալ է վերաբերում այն փաստին, որ Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված տոնական զորահանդեսին նաեւ ռուսական ստորաբաժանում է մասնակցելու։ Այս մասին նա ասաց սեպտեմբերի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

«Դա նորմալ երեւույթ է, գիտեք, որ Հայաստանում ռուսական ռազմաբազա կա, մենք ունենք կետ առ կետ համաձայնեցված պայմանագիր, որ նրանք պաշտպանելու են Հայաստանի սահմանները։ Այստեղ որեւէ արտառոց երեւույթ չեմ տեսնում, որ ռուսական մի փոքր ստորաբաժանում մասնակցի շքերթին, նրանք ի վերջո պատասխանատու են մեր անվտանգության համար։ Մենք հասարակությանն ու աշխարհին ցույց ենք տալիս մեր անվտանգությունն ապահովող զենքը, զինատեսակն ու զորքը։ Դրա մեջ մտնում է նաեւ ռուսական ռազմաբազան։ Այնպես որ, որեւէ խնդիր ռուսական ստորաբաժանման մասնակցության առումով չեմ տեսնում»,- նկատեց Զոհրաբյանը։

Լրագրողներից մեկի հարցին, թե այնուամենայնիվ, նվաստացուցիչ չէ՞ արդյոք անկախ պետականության համար ռուսական ստորաբաժանման մասնակցությունը, ՀՀԿ փոխնախագահը նկատեց. «Այսինքն դուք գտնում եք, որ իրենք պաշտպանում են մեր անվտանգությունը, դա նսեմացուցիչ չէ, բայց նսեմացուցի՞չ է, որ ռուսական ստորաբաժանումը մասնակցում է զորահանդեսին։ Այ եթե ամբողջ ռուսական զորքը գար, մասնակցեր... բայց այդպիսի բան չկա։ Իրենց դաշնակցի իրավունքները հարգում են եւ նման բան չեն անի։ Թեկուզ գոնե այդպես էլ լինի, ապա փառք աստծո, գոնե թուրքական զորք չգա, մասնակցի, ռուսականը ոչինչ, էլի մեր պաշտպաններն են»,- կես կատակ ամփոփեց ՀՀԿ փոխնախագահը։ 

Նշենք, որ ռուսական ստորաբաժանման՝ Հայաստանի անկախության 20-ամյակի տոնական զորահանդեսին մասնակցելու առումով հայկական մամուլում դժգոհության ալիք է բարձրացել։