Facebook սոցիալական ցանցում մի խումբ օգտագործողներ Հայաստանի անկախության օրը` սեպտեմբերի 21-ին, բողոքի քայլերթ են կազմակերպելու` բողոքելով Հայաստանի անկախության տոնին օտար զորախմբերի եւ դրոշների դեմ: Նրանք նշել են, որ քայլերթն սկսվելու է ժամը 09.00-ին Սարյանի պուրակից, իսկ մնացած հարցերը` երթուղին, հագուստը, պաստառները դեռ ճշտվում են: Հիշեցնենք, որ Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձին նվիրված ռազմական շքերթին, սեպտեմբերի 21-ին, մասնակցելու են նաեւ ռուսական 102-րդ ռազմակայանի ստորաբաժանումները:
Հարցին, թե ո՞րն է դրա խորհուրդը, որ Հայաստանի անկախության զորահանդեսին մասնակցում են ռուսական զորքեր, Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը NEWS.am-ի պատասխանել էր. «Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանը մասնակցում է Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովմանը: Կարծում եմ` մեր հասարակության համար գաղտնիք չէ պաշտպանության ոլորտում հայ-ռուսական համագործակցության խոր հիմքերը, իսկ զորահանդեսին Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների կողքին 102-րդ ռազմակայանի զինծառայողների մասնակցությունը պետք չէ շահարկել»:




























