Ռուսական 102-րդ ռազմակայանի զորախումբը Հայաստանի Անկախության 20-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսին մասնակցելու է ռուսական դրոշով: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը` հերքելով տարածված լուրերը, թե զորախումբը կարող է մասնակցել հայկական դրոշի ներքո: Նշենք, որ սեպտեմբերի 19-ին կայացած գլխավոր փորձին էլ ռուսական զորախումբը մասնակցել է Ռուսաստանի պետական դրոշով: 

NEWS.am-ի տեղեկություններով, ռուսական կողմն ինքն է ցանկություն հայտնել մասնակցել զորահանդեսին: Անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսի ռուսական զորախմբի մասնակցությունը բողոքի լայն ալիք է բարձրացրել սոցիալական ցանցերում, եւ սեպտեմբերի 21-ին անգամ բողոքի գործողություններ են լինելու ընդդեմ շքերթին ռուսական զորախմբի մասնակցության:Մասնավորապես, Facebook սոցիալական ցանցում մի խումբ օգտագործողներ Հայաստանի անկախության օրը` սեպտեմբերի 21-ին, բողոքի քայլերթ են կազմակերպելու` բողոքելով Հայաստանի անկախության տոնին օտար զորախմբերի եւ դրոշների դեմ: Նրանք նշել են, որ քայլերթն սկսվելու է  ժամը 09.00-ին Սարյանի պուրակից: