Հայաստանի գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` «Ստոկս» ՍՊ ընկերության տնօրենի կողմից առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի առթիվ:

Հայաստանի գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության  ԿՀԴՊ գլխավոր վարչության կողմից ստացված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Զարուբեժստրոյ» ԲԲ եւ «Ստոկս» ՍՊ ընկերությունների միջեւ 2010թ. օգոստոսի 12-ին կնքվել է ենթակապալի  պայմանագիր: Այդ պայմանագրի համաձայն հիշյալ ՍՊ ընկերությունը Հայաստանի տարածքում երրորդ կարգի ջրանցքների  վերանորոգման աշխատանքներն իրականացնելու համար «Զարուբեժստրոյ» ԲԲ ընկերությունից ստացել է «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ից  A/CB/CW-08/006-L1   եւ  A/CB/CW-08/006-L3 կապալի  պայմանագրերի հիման վրա փոխանցված 1 մլն 613 հազար 531 ԱՄՆ դոլարից 360 հազար ԱՄՆ դոլար կանխավճար:

Մինչդեռ նախապատրաստված նյութերի համաձայն` «Ստոկս» ՍՊ ընկերության տնօրենը պայմանագրով սահմանված ժամկետում կատարել եւ ԲԲ ընկերությանն է ներկայացրել ընդամենը 137 հազար 580,57 դոլարի կատարողական ակտ, իսկ 236 հազար 69,43 ԱՄՆ դոլարին համարժեք 86 մլն 670 հազար 372 դրամ առանձնապես խոշոր չափերի գումարը յուրացման եղանակով հափշտակվել է:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Քրեական գործն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ վարչություն` նախաքննություն կատարելու համար: