Մահվան ելքով կրկնակի վրաերթ է տեղի ունեցել Երեւանում: Այսօր՝ մարտի 9-ին, ժամը 20:10-ի սահմանում, Opel մակնիշի մեքենան Տիգրան Մեծ պողոտայում՝ «Գաուդիս» շաուրմայանոցի դիմաց, վրաերթի է ենթարկել տղամարդու։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։
Հարվածի հետեւանքով հետիոտնը շպրտվել է ու կրկնակի վրաերթի ենթարկվել Mercedes ML մակնիշի մեքենայի կողմից: Տղամարդը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ՝ շտապօգնության բժիշկների կողմից տեղում առաջին բուժօգնություն ստանալուց հետո՝ տեղափոխվել է հիվանդանոց, սակայն, շտապօգնության մեքենայի մեջ նա մահացել է:
Կայքի փոխանցմամբ՝ Opel-ի եւ Mercedes-ի վարորդները փախուստի չեն դիմել:
Հաղորդվում է, որ տեղում պարեկները ու քննիչները հայտնաբերել են Mitsubishi մակնիշի մեքենա, որով վրաերթի ենթարկվածը եկել է նշված վայր, մեքենան կայանել, ապա իջել եւ ոտքով անցել հետիոտնի համար չնախատեսված վայրով, գնումներ կատարել եւ վերադառնալով՝ վրաերթի է ենթարկվել:
Պարեկները ճշտել են Mitsubishi-ի սեփականատիրոջ ինքնությունը, նա հայտնել է, որ մեքենան թողել է ավտովերանորոգող արհեստավորի մոտ եւ տեղյակ չէ ոչնչից։
Իրավապահները պարզում են վարորդների եւ մահացածի ինքնությունը: Վրաերթի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:





























