Ամերիկացի գործարար Իլոն Մասկը նախատեսում է Տեխասի նահանգի մայրաքաղաք Օսթինի կողքին կառուցել իր սեփական քաղաք-ուտոպիան, տեղեկացրել է Wall Street Journal թերթը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Ինչպես տեղեկացրել է պարբերականը, հողատերերի եւ անշարժ գույքի գործակալների հետ հանդիպումների ժամանակ Մասկը նկարագրել է սեփական քաղաքի գաղափարը որպես տեխասյան ուտոպիա, որը գտնվելու է Կոլորադո գետի ափի երկայնքով, եւ որտեղ կարող են ապրել ու աշխատել իր ընկերությունների աշխատակիցները։
Նշվել է, որ քաղաքը, որը Մասկը ցանկանում է անվանել Սնեյլբրուք (Snailbrook), կգտնվի Boring եւ SpaceX ընկերությունների կառուցվող ձեռնարկությունների կողքին։ Բացի այդ, Մասկի քաղաքի տեղում արդեն կառուցվել են մոդուլային տներ, լողավազան, բաց մարզահրապարակ եւ մարզադահլիճ։
Պարբերականի տվյալներով՝ քաղաքի վիզուալ նախագիծը Մասկը մի քանի անգամ քննարկել է իր նախկին ընկերուհու՝ կանադացի երգչուհի Գրայմսի եւ ռեփեր Քանիե Ուեսթի հետ։
Տեխասի նահանգի օրենսդրության համաձայն՝ Մասկի քաղաքում պետք է ապրի առնվազն 201 մարդ, ինչից հետո կարելի կլինի քաղաքը գրանցելու հայտ ներկայացնել։ Բասթրոպ օկրուգի (այստեղ է գտնվելու կառուցվող Սնեյլբրուքը) ներկայացուցչի խոսքով՝ ներկա պահին օկրուգի վարչությունը համապատասխան հայտարարություն չի ստացել ոչ Մասկից, ոչ էլ նրա կազմակերպություններից։





























