Ենթադրում եմ Հայաստանը ՀԱՊԿ-ում իջեցնում է իր մասնակցության աստիճանը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանն՝ անդրադառնալով ՀԱՊԿ-ին ներկայացրած առաջարկին, որով Հայաստանը հրաժարվում է գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից։
«Տեղեկություն չկա, թե ինչու է այդ որոշումը կայացվել, որովհետեւ գործող իշխանությունը փակ է, չգիտենք՝ իշխանության գլխում ինչ կա, ուղղակի կարող եմ ենթադրություն անել, թե ինչու է այդ որոշումը կայացվել. առաջինը՝ Հայաստանը ՀԱՊԿ-ում իջեցնում է իր մասնակցության աստիճանը։ Սակայն ինչի՞ համար է դա արվում, այստեղ կարծիքները կարող են տարբեր լինել, կարծիք ա․ դա քայլ է ապագայում ՀԱՊԿ-ից դուրս գալու համար, կարծիք բ․ հնարավոր է ԱՄՆ-ի կողմից ճնշումներն այնքան ուժեղ են Հայաստանի ու նախկին խորհրդային երկրների վրա, այդ թվում՝ Թուրքիայի, Չինաստանի վրա, որ չմեղմացնեն Ռուսաստանի նկատմամբ սանկցիաները։ Հայաստանի վրա նույնպես ահռելի ճնշումներ կան։ Մենք տեսանք՝ Թուրքիան տնտեսական սանկցիաների հետ կապված որոշում ընդունեց, որ Ռուսաստանի հետ բեռնափոխադրումները եւ առեւտրային շրջանառությունը այնպես լինի, որ այդ սանկցիաները Ռուսաստանը չշրջանցի։
Ենթադրում եմ, որ այդ քայլով Հայաստանը փորձում է խուսափել Ռուսաստանի դեմ տնտեսական քայլերից, ոնց որ կոնպենսացիա է անում, որովհետեւ Հայաստանի կախվածությունը չափազանց մեծ է Ռուսաստանի տնտեսությունից, մյուս կողմից այդ գործիքները, որ Միացյալ Նահանգները կարող է կիրառել Հայաստանի հանդեպ, նույնպես չափազանց ազդեցիկ է լինելու Հայաստանի վրա։ Նման քաղաքական քայլերով Հայաստանը փորձում է խուսափել Ռուսաստանի դեմ տնտեսական քայլերից։ Կարելի է էլի ենթադրություններ անել, նույնիսկ հնարավոր է, որ այդ բոլոր ենթադրություններն իրար հետ են»,- ասաց քաղաքագետը։
Ստեփան Դանիելյանի խոսքով՝ եթե Հայաստանն այդ քայլով փորձում է ՀԱՊԿ-ից դուրս գալ, ապա Ռուսաստանը կարող է մի կողմ քաշվել, ինչի դեպքում Սյունիքի, Արցախի հետ կապված ամբողջ գործը կանեն Ադրբեջանն ու Թուրքիան։
«Իսկ երկրորդ տարբերակի դեպքում՝ կարծում եմ՝ Ռուսաստանը ըմբռնումով կմոտենա դրան, որովհետեւ Ռուսաստանը տնտեսական առումով նույնպես շատ վատ վիճակում է, եւ նրա կախվածությունը Հայաստանից, Ղազախստանից, Թուրքիայից, Ադրբեջանից, Չինաստանից չափազանց մեծացել է»,- հավելեց քաղաքագետը։





























