Ամերիկյան իշխանությունները շտապել են վերահսկողության տակ առնել Silicon Valley բանկի ակտիվները ավանդատուների ալիքից հետո, որոնք ցանկացել են դուրս բերել իրենց գումարը։ 

Երկրի 16-րդ խոշորագույն բանկը սնանկացել է այն բանից հետո, երբ բանկի հաշվեկշռից մտահոգված ավանդատուները, հիմնականում տեխնոլոգիական եւ վենչուրային ընկերությունների աշխատողները, որոշել են այս շաբաթ հետ վերցնել իրենց գումարները: Սա ԱՄՆ պատմության մեջ բանկի երկրորդ ամենամեծ փլուզումն է՝ ավելի քան մեկ տասնամյակ առաջ ֆինանսական ճգնաժամի գագաթնակետին Washington Mutual բանկի սնանկացումից հետո:  

Silicon Valley Bank-ը սերտ կապ ունի տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների ֆինանսների հետ, եւ, քիչ հավանական է, որ նրա խնդիրները տեղափոխվեն բանկային ոլորտի մնացած հատված, ինչպես տեղի ունեցավ ավելի քան մեկ տասնամյակ առաջ Մեծ ռեցեսիային նախորդող ամիսներին: Երկրի խոշորագույն բանկերը, որոնք մեծ հավանականությամբ կարող են դառնալ համակարգային տնտեսական խնդիրների աղբյուր, այսօր բալանսային հաշիվների եւ կապիտալի հետ կապված խնդիրներ չունեն։   

Բանկային հատվածում նյարդայնությունը նկատվել է ամբողջ շաբաթ, եւ Silicon Valley-ի սնանկությունը ուրբաթ օրը հանգեցրել է գրեթե բոլոր ֆինանսական հաստատությունների բաժնետոմսերի անկմանը, որոնք երկուշաբթի օրվանից արդեն երկնիշ անկում են ապրել: 

Silicon Valley-ի փլուզումը տեղի է ունեցել անհավատալի արագությամբ: Արդյունաբերության որոշ վերլուծաբաններ դեռ ուրբաթ օրը ասում էին, որ դա լավ ընկերություն է եւ խելամիտ ներդրում է: Բանկի ղեկավարությունը ուրբաթ առավոտյան փորձել է մեծացնել կապիտալը եւ լրացուցիչ ներդրողներ գտնել։ Սակայն բանկի բաժնետոմսերի առքուվաճառքը դադարեցվել էր դեռ Ուոլ սթրիթում առեւտրային նստաշրջանի մեկնարկից առաջ՝ ծայրահեղ անկայունության պատճառով։

Կեսօրից անմիջապես առաջ Ավանդների ապահովագրման դաշնային Կորպորացիան (FDIC) որոշում է կայացրել փակել բանկը: Կորպորացիան չի կարողացել անմիջապես գնորդ գտնել բանկի ակտիվների համար, ինչը վկայում է այն արագության մասին, որով ավանդատուները գումար են հանել։ Մնացած չապահովագրված ավանդները կլինեն արտաքին կառավարման ներքո:

Սնանկության պահին բանկի ընդհանուր ակտիվները կազմել են 209 միլիարդ դոլար, հայտնում է FDIC-ը: Անհասկանալի է, թե ավանդների որ մասն է գերազանցել 250 հազար ԱՄՆ դոլարի ապահովագրական  շեմը, սակայն կարգավորիչների նախորդ հաշվետվությունները ցույց են տվել, որ այդ մասնաբաժինը զգալի է: 

FDIC-ը ուրբաթ օրը հաղորդել է, որ ավանդները, որոնք չեն գերազանցում 250 հազար դոլարը, հասանելի կլինեն իրենց տերերին երկուշաբթի՝ մարտի 13-ի առավոտյան: