Մոլդովայի ազգային հակակոռուպցիոն կենտրոնն ընդդիմադիր «Շոր» կուսակցության անօրինական ֆինանսավորման գործով խուզարկությունների արդյունքում ավելի քան 240 000 դոլար է առգրավել, հաղորդում է կենտրոնի մամուլի ծառայությունը։

Մոլդովայի հակակոռուպցիոն դատախազությունը հինգշաբթի հայտարարել է ընդդիմադիր «Շոր» կուսակցության երեք ներկայացուցիչների կալանավորման մասին՝ քաղաքական կազմավորումների անօրինական ֆինանսավորման գործով։ Գերատեսչության տվյալներով՝ նրանց մեքենաներում հայտնաբերվել են խոշոր գումարներ՝ 50 000 եվրո եւ 2,5 միլիոն լեյ (մոտ 126 000 եվրո), ինչպես նաեւ ցուցակներ՝ նրանց կոնտակտային տվյալներով, ովքեր պետք է ստանային համապատասխան գումարը։ Ուրբաթ օրը հանրապետությունում կրկին խուզարկություններ են իրականացվել այս դեպքի հետ կապված։

«Ազգային հակակոռուպցիոն կենտրոնը եւ Հակակոռուպցիոն դատախազությունն ավարտել են այն դրամական միջոցների ստուգման գործընթացը, որոնք հայտնաբերվել են «Շոր» կուսակցության ապօրինի ֆինանսավորման քրեական գործով 2023 թվականի մարտի 9-ին կատարված խուզարկությունների արդյունքում։ Փորձաքննությունը հայտնաբերել է 4 մլն 560 հազար 719 լեյ (ավելի քան 240 000 դոլար) գումար»,- ասված է կենտրոնի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Առգրավված դրամական միջոցները պահպանելու մասին որոշումը կընդունվի քրեական օրենսգրքի դրույթներին համապատասխան։