Չեխիայում հազարավոր մարդիկ շաբաթ օրը բողոքի ցույց են անցկացրել կառավարության դեմ՝ բողոքելով բարձր գնաճի դեմ եւ պահանջելով դադարեցնել Ուկրաինային ռազմական աջակցությունը, հայտնում է Associated Press-ը։
PRO քաղաքական խումբը հանրահավաք է կազմակերպել Պրահայի Վացլավյան հրապարակում՝ որպես ակցիա ընդդեմ աղքատության։ Երբ մասնակիցները կոչ են արել կոալիցիոն կառավարությանը հրաժարական տալ, կուսակցության առաջնորդ Յինդրիխ Ռեյխլը հայտարարել է, թե իրենք ցանկանում են, որ «կառավարությունը առաջին հերթին հոգա Չեխիայի քաղաքացիների մասին»։
Նրա կազմակերպությունը, որի անունը անգլերենից թարգմանվում է որպես «Օրենք, հարգանք, փորձաքննություն», մեղադրում է Եվրամիությանը էներգակիրների գների կտրուկ աճի համար։
Ուկրաինան առանցքային խնդիր է եղել շաբաթօրյա ցույցի ժամանակ, որտեղ ամբոխը պատերազմի հարցը խաղաղ ճանապարհով լուծելու կոչ է արել: Որոշ մարդկանց պայուսակների վրա «Z» տառն է եղել:
«Կանգնեցրեք պատերազմը, կանգնեցրեք ՆԱՏՕ-ին»,- վանկարկել են ցուցարարները։
Չեխիայի Հանրապետությունը վճռականորեն աջակցում է Կիեւի կառավարությանը այն պահից, երբ ռուսական զորքերը մտել են Ուկրաինա: Երկիրը զենք է տրամադրել ուկրաինացի զինվորականներին եւ ընդունել է կես միլիոն փախստականների։





























