ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը անկախության 20-ամյակի առթիվ անցկացվող զինվորական շքերթի համար տանկեր չի նվիրել, Վայոց Ձորի Վայք քաղաքի ջերմուկի գործարանի 2-րդ մասնաշենքը չի գնել եւ իր ընտանիքի անդամներին էլ չի ցանկանում պատգամավոր դարձնել: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նրա խորհրդական Վարդան Վարդանյանը հերքեց վերջին մեկ շաբաթում գեներալի մասին լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը:
«Շատ լավ կլիներ, եթե տանկեր նվիրելու հնարավորություն ունենար եւ նվիրեր, մեր բանակն է, բայց գիտես չէ՞ մի տանկն ինչ արժե: Արժե մոտ 3,5մլն եվրո: Ձեր կարծիքով` ինքը 6 մլն եվրո ո՞ւնի: Այդ խոսակցությունները չափազանցված են»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է այն հրապարակումներին, որ գեներալը ջանք չի խնայում կնոջը կամ որդուն 2012-ի գումարման Ազգային ժողովում տեսնելու համար, նրա խորհրդականն այսպես արձագանեց. «Դուք պատկերացնում եք` Հայաստանում 30 միլիոն դոլար ծախսել պատգամավոր դառնալու համար, էդքան արժի՞ դա: Իրենց ընտանիքից որեւէ մեկը ցանկություն չունի պատգամավոր դառնալ, իրենք առաջարկներ ունեն, շատ լավ առաջարկներ տարբեր կուսակցություններից` սկսած իշխանական, ընդդիմադիր կուսակցություններից` ցուցակի ամենավերին տեղերում, հաստատ անցողիկ, բայց չեն ուզում պատգամավոր դառնալ, իրենց ծրագրերում նման բան չկա: Ինչ վերաբերում է որդուն, նա շատ լավ քաղաքապետ է, էջմիածինցիները շատ գոհ են ու ինքը մտածում է, որ դեռ մի 20 տարի էլ քաղաքապետ է աշխատելու, քաղաքապետի ընտրություն լինի, էլի առաջադրվելու է, պատգամավորության չի առաջադրվելու»:
Նա չմանրամասնեց, թե հատկապես որ ուժերից են առաջարկներ ստացել գեներալի ընտանիքի անդամները` հավելելով, որ «իրենք քաղաքականությամբ չեն զբաղվում, ԵԿՄ-ն հասարակական ապաքաղաքական կառույց է, իրավունք չունի քաղաքականությամբ զբաղվել, որդին էլ քաղաքապետ է եւ քաղաքով է զբաղվում»: Մ. Գրիգորյանի խորհրդակաին խոսքով` այդ լուրերը հորինում են այն մարդիկ, ովքեր վախենում են նրա առաջադրվելուց, «որովհետեւ եթե ինքն առաջադրվի, այն մարդիկ, ովքեր հույս ունեն ընտրվել, էլ չեն ընտրվի, ժողովուրդը իրենց չի ընտրի»:
Նա հերքեց նաեւ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, որ Մանվել Գրիգորյանը Վայոց Ձորի Վայք քաղաքի ջերմուկի գործարանի 2-րդ մասնաշենքն է գնել` հավելելով, որ «այդ թեմայով խոսակցություններ, սեփականատերերի հետ բանակցություններ չեն եղել եւ ընդհանրապես նման բան չկա»:
Հիշեցնենք, որ լրատվամիջոցներից մեկը գրել էր, որ Վայոց Ձորի Վայք քաղաքի ջերմուկի գործարանի 2-րդ մասնաշենքը, որը մինչ այս չէր գործում, պատրաստվում է ձեռք բերել ու գործարկել ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը. «Նա մոտ երկու շաբաթ առաջ այցելել է գործարան, ծանոթացել պայմաններին եւ, ըստ, վայքեցիների, ցանկություն է հայտնել համագործակցել գործարանի սեփականատեր Հենրիկ Խաչատրյանի`Միլիոնչիկ Հենոյի հետ: Վերջնական պայմանավորվածություն ձեռք չի բերվել, սակայն վայքեցիներն ուրախ են, որ ջերմուկի գործարանի նոր արտադրամասի գործարկմամբ նոր աշխատատեղեր կբացվեն»,- գրել էր լրատվամիջոցը: Իսկ դրանից առաջ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ անկախության 20-ամյակի առթիվ անցկացվող զինվորական շքերթի համար ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը 20 նոր տանկ է նվիրել` որպես անկախության խորհրդանիշ, որոնք ձեռք է բերել արտերկրից: «Ասում են նաև` գեներալը ջանք չի խնայում` ակնկալելով դրա դիմաց տեսնել կնոջը կամ որդուն 2012-ի գումարման Ազգային ժողովում»,- գրել էր լրատվամիջոցներից մեկը:



























