Ռազմական կառույցների քարոզչության հզորացման նպատակով Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը մտադիր է նոր կայք էջ բացել` www.azeridefence.com, այդ մասին հայտնում է ադրբեջանական Tia.az կայքը` վկայակոչելով իր աղբյուրները:
Աղբյուրի հաղորդմամբ, կայքի ստեղծման գործում մեծապես շահագրգռված են Պաշտպանության նախարարությունը եւ Պաշտպանական արդյունաբերության նախարարությունը, եւ այժմ ակտիվ աշխատանքներ են տարվում կայքի ստեղծման ուղղությամբ: Կայքի ստեղծման նպատակը Ադրբեջանի պաշտպանական կառույցների մասին PR-ի ավելացումն ու ուժեղացնումն է, նշում է Tia.az-ը:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Ադրբեջանում մեծ տարածում են գտել Պաշտպանության նախարարի դեմ հրապարակումները:
Մասնավորապես NEWS.am-ը տեղեկացրել էր, որ վերջերս Ադրբեջանի ռազմական ակադեմիայի սպաները նամակներ են ուղարկում «Մուսավաթ» թերթի խմբագրություն: Վերջին նամակում նրանք մասնավորապես նշել էին. «Եթե ուսումնասիրեք Գլխավոր ռազմական ակադեմիայի եւ Գլխավոր ռազմական դպրոցի այս տարի ընդունվածների էթնիկ կազմը, ապա կսկեք խղճալ Ադրբեջանի թուրքերին: Մասնագետների 70 տոկոսը էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներ են: Դա Սաֆար Աբիեւի «իմաստուն», «հեռատես» շովինիստական քաղաքականության դրսեւորումներից է: Ռազմական ուսումնական կառույցներում գործունեություն ծավալած էթնիկ փոքրամասնությունները մեծ վտանգ են ներկայացնում մեր պետականության ապագայի համար»:



























