Իրաքի վարչապետը կիրակի օրը խոստացել է լայնածավալ միջոցներ ձեռնարկել՝ կլիմայի փոփոխության դեմ պայքարելու համար, որը ազդում է միլիոնավոր մարդկանց վրա ամբողջ երկրում, հաղորդում է Associated Press-ը՝ նշելով, որ ձեռնարկվելիք գործողություններում ներառված են վերականգնվող էներգիայից երկրի էլեկտրաէներգիայի կարիքների մեկ երրորդը բավարարելու ծրագրերը:

Կլիմայի փոփոխությունը երկար տարիներ սրել է այս անհանգիստ երկրի դժվարությունները: Երաշտը եւ աղի մակարդակի բարձրացումը ոչնչացրել են մշակաբույսերը, անասուններն ու գյուղացիական տնտեսությունները եւ չորացրել են ջրային ամբողջ զանգվածները: Բնակիչները զանգվածաբար դիմել են հիվանդանոցներ՝ մոլեգնող ավազի հետեւանքով առաջացած շնչառական խնդիրների պատճառով։ Կլիմայի փոփոխությունը նույնպես իր դերն է ունեցել խոլերայի դեմ Իրաքի շարունակական պայքարում:

«Ավելի քան յոթ միլիոն քաղաքացիներ են տուժել Իրաքում... եւ հարյուր հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները, քանի որ կորցրել են իրենց ապրուստը, որը կախված է գյուղատնտեսությունից եւ որսորդությունից», - ասել է վարչապետ Մուհամմեդ Շիա ալ-Սուդանին՝ Իրաքի կլիմայի վերաբերյալ Բասրայում կայացած երկօրյա համաժողի ընթացքում։

Ալ-Սուդանին ասել է, որ Իրաքի կառավարությունն աշխատում է կլիմայի փոփոխության դեմ պայքարի ազգային ծրագրի վրա, որը բաղկացած է մի շարք միջոցառումներից, որոնք նա հույս ունի ձեռնարկել մինչեւ 2030 թվականը: Ծրագիրը ներառում է վերականգնվող էներգիայի կայանների կառուցում, ոռոգման անարդյունավետ եւ հնացած մեթոդների արդիականացում, ածխածնի արտանետումների կրճատում, անապատացման դեմ պայքար եւ երկրի կենսաբազմազանության պաշտպանություն:

Նախագծերի թվում է անտառապատման հսկայական նախաձեռնությունը: Իրաքը հույս ունի նաեւ հանածո վառելիքի փոխարեն երկրի էլեկտրաէներգիայի կարիքների մեկ երրորդը ապահովել վերականգնվող էներգիայով:

Իրաքի ջրային ռեսուրսների նախարարությունը նախկինում կապել է հարավային որոշ նահանգներում ստեղծված իրավիճակը «հարեւան Թուրքիայից Իրաք հոսող փոքր քանակությամբ ջրի հետ»:

Տիգրիս եւ Եփրատ գետերի ակունքները գտնվում են Թուրքիայում, եւ իրաքյան իշխանությունները երկար ժամանակ մեղադրում են Անկարային այն բանում, որ ջուրը հավաքում է գետերը փակող ամբարտակներում՝ կտրուկ դադարեցնելով դրանց հոսքը դեպի Իրաք: