Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որը գտնվում է կլինիկայում, հայտարարել է, որ ուզում է օգնել Վրաստանին, քանի դեռ հայրենիքում է, քանի որ ապագայում, նրա խոսքով, զբաղված է լինելու Վլադիմիր Զելենսկուն աջակցելով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ես պարզապես ուզում եմ օգնել ձեզ, քանի դեռ այստեղ եմ, այլապես, երբ վերադառնամ Կիեւ, ես ամբողջությամբ զբաղված կլինեմ Զելենսկուն օգնելով եւ, հնարավոր է, Վրաստանի կողմը նայելու ժամանակ չունենամ։ Ուժը միասնության եւ ակտիվության մեջ է: Հիմա հաստատ դադարի ժամանակը չէ, փառք մեր երիտասարդությանը, փառք բոլոր համարձակ ու անվախ հայրենասերներին»,- Թբիլիսիի վերջին հանրահավաքներից հետո գրել է Սաակաշվիլին սոցցանցում։ «Այսօր երկու անգամ գիտակցությունս կորցրել եմ։ Ղարիբաշվիլին (Վրաստանի վարչապետ - խմբ.) Մյունխենում ասաց, որ թույլ կտա եվրոպացի բժիշկներին գալ, եւ դա կձգվի 10 օր, բայց ես կպայքարեմ այնքան, որքան կարող եմ։ Ինձ հետ շատ բան է կատարվում՝ Ֆրանսիայի նախագահն առանց դիվանագիտության Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ համատեղ ճեպազրույցում պահանջեց իմ անհապաղ ազատ արձակումը։ Սա բոլորովին աննախադեպ դեմարշ է»,- գրել է նախկին նախագահը։

Նախօրեին Սաակաշվիլին բրիտանական Sky News հեռուստաալիքին ասել էր, որ իր քաշը գրեթե կրկնակի նվազել է, եւ եթե այն շարունակի նվազել, բժիշկները բազմաթիվ օրգանների անբավարարություն են կանխատեսում։