«Շիրակ Կենտրոն» ՀԿ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ դատապարտում է այսօր` Երեւանում բողոքի ակցիայի ցրումը եւ մարդկանց ոստիկանություն տանելը:
«Շիրակ Կենտրոնի» հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Դատապարտում ենք այսօր, Երեւանում Հայաստանի անկախության տոնին նվիրված զորահանդեսին այլ երկրի զորախմբերի եւ օտար երկրի դրոշներով մասնակցության դեմ բողոքի խաղաղ քայլերթ իրականացնելու փորձի մասնակիցների նկատմամբ ոստիկանության կողմից գործադրված բռնության, ինչպես նաեւ քայլերթի մասնակիցներին, այդ թվում Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանին բերման ենթարկելու փաստի առթիվ: ՀՀ ոստիկանության բարձրագույն պաշտոնյաներից պահանջում ենք անհապաղ ազատ արձակել բողոքի խաղաղ քայլերթի մասնակիցներին»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր` Սարյանի արձանի մոտակայքից մի խումբ ակտիվիստներ բողոքի քայլերթ են իրականացրել` ընդդեմ Հայաստանի անկախության տոնին նվիրված զորահանդեսի ժամանակ օտար զորախմբերի եւ դրոշների:
Ակցիայի սկզբում, Կենտրոնի ոստիկանության պետի տեղակալ, փոխգնդապետ Արայիկ Ղազարյանը մոտեցել է «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանին եւ ակցիայի մյուս մասնակիցներին: Նա հորդորել է որեւէ ակցիա չանցկացնել, ասելով, որ «վերեւներում շատ լավ մտածում են այդ ամենի մասին»: Այնուհետեւ ոստիկանները խլել են ակցիայի մասնակիցների պաստառները, որոնց վրա գրված են. «Անկախ Հայաստան», «Հայաստանը Ռուսաստանի մաս չէ», «Ոչ ռուսամոլությանը»: Ոստիկանները Լեւոն Բարսեղյանին եւ «Մենք դեմ ենք ռուսամոլությանը» շարժման անդամ Առնո Կուրին բերման են ենթարկել ոտիկանության Կենտրոնի բաժին:
Հիշեցնենք, որ Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձին նվիրված ռազմական շքերթին, սեպտեմբերի 21-ին, մասնակցելու են նաեւ ռուսական 102-րդ ռազմակայանի ստորաբաժանումները:



























