Ուկրաինայի կառավարությունը հավանություն է տվել բյուջեի ծախսերը 537 միլիարդ գրիվնայով (14,68 միլիարդ դոլար) ավելացնելու մասին օրինագծին, որի մեծ մասը կուղղվի ռազմական կարիքներին: Այս մասին երկուշաբթի հայտարարել է վարչապետ Դենիս Շմիգալը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Կառավարությունն այսօր աջակցել է պետական բյուջեի ծախսերը 537 միլիարդ գրիվնայով ավելացնելու օրինագծին։ Մենք առաջարկում ենք անվտանգության եւ պաշտպանության ոլորտին հատկացնել ավելի քան 518 միլիարդ գրիվնա (14,16 միլիարդ դոլար), պահուստային ֆոնդը ավելացնել եւս 19 միլիարդով (520 միլիոն դոլարով),- գրել է վարչապետը իր Telegram-ալիքում։
Նա պարզաբանել է, որ նախարարների կաբինետն առաջարկում է լրացուցիչ միջոցներ հատկացնել զինվորականներին վճարումների, ռազմական ու հատուկ տեխնիկայի, սարքավորումների ձեռքբերման համար։ Շմիգալի խոսքով՝ գումարը կհատկացվի արեւմտյան գործընկերների աջակցության հաշվին։
Ուկրաինայի 2023 թվականի բյուջեն նախապես ծրագրել էր 2,6 տրիլիոն գրիվնա (71,1 միլիարդ դոլար) ծախս, որից 1,141 տրլն գրիվնան (31,2 միլիարդ դոլար) նախատեսվել է անվտանգության եւ ռազմական կարիքների համար, ինչը կազմում է բոլոր ծախսերի 43%-ը կամ ՀՆԱ-ի 18,2%-ը։ Միեւնույն ժամանակ, պաշտպանության նախարարության ծախսերը 2022 թվականին 133,5 միլիարդ գրիվնայից (3,65 միլիարդ դոլար) ավելացել են մինչեւ 857,9 միլիարդ գրիվնա (23,46 միլիարդ դոլար) 2023 թվականին:
Ուկրաինայի 2023 թվականի բյուջեն ունի 38 միլիարդ դոլարի ռեկորդային դեֆիցիտ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հույս է հայտնել, որ Արեւմուտքը կօգնի Կիեւին ծածկել բյուջեի դեֆիցիտը։





























