Քիչ առաջ ոստիկանության Կենտրոնականի բաժնից ազատ են արձակվել բողոքի ակցիայի վայրից բերման ենթարկված Գյումրիի «Ասպարեզ» մամուլի ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանին եւ ««Մենք դեմ ենք ռուսամոլությանը» շարժման անդամ Առնո Կուրին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր` սեպտեմբերի 21-ին, Սարյանի արձանի մոտակայքից մի խումբ ակտիվիստներ բողոքի քայլերթ են իրականացրել` ընդդեմ Հայաստանի անկախության տոնին նվիրված զորահանդեսի ժամանակ օտար զորախմբերի եւ դրոշների:
Կենտրոնի ոստիկանության պետի տեղակալ, փոխգնդապետ Արայիկ Ղազարյանը մոտեցել է «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանին եւ ակցիայի մյուս մասնակիցներին: Նա հորդորել է որեւէ ակցիա չանցկացնել, ասելով, որ «վերեւներում շատ լավ մտածում են այդ ամենի մասին»: Այնուհետեւ ոստիկանները խլել են ակցիայի մասնակիցների պաստառները, որոնց վրա գրված են եղել. «Անկախ Հայաստան», «Հայաստանը Ռուսաստանի մաս չէ», «Ոչ ռուսամոլությանը»: Ոստիկանները Լեւոն Բարսեղյանին եւ Առնո Կուրին բերման են ենթարկել ոտիկանության Կենտրոնի բաժին: Այս պահին ոստիկանությունից ազատ արձակվածները, ակցիայի մասնակիցների հետ նշում են Անկախության տոնը:
Տեղի ունեցած ակցիայի հետ կապված հաղորդագրություն է տարածել նաեւ ոստիկանությունը, որում, մասնավորապես, ասվում է. «Այսօր առավոտյան Երեւանում, Մարտիրոս Սարյանի արձանի մոտ մի խումբ անձինք բողոքի ակցիա են կազմակերպել` կապված Անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսի հետ: Ակցիայի մասնակիցներից երկուսը հրավիրվել են ոստիկանության Կենտրոնականի բաժին` նրանց անձը պարզելու նպատակով, և որոշակի պարզաբանումներ տալուց հետո հեռացել են»:
Հիշեցնենք, որ Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձին նվիրված ռազմական շքերթին, սեպտեմբերի 21-ին, մասնակցել են նաեւ ռուսական 102-րդ ռազմակայանի ստորաբաժանումները:

























