Bell 429 թեթեւ ուղղաթիռը չորեքշաբթի ընկել է Սակրամենտո քաղաքի (Կալիֆոռնիայի նահանգ) օդանավակայանում՝ առեւանգման անհաջող փորձից հետո։ Այս մասին տեղեկացրել է NBC հեռուստաալիքը՝ հղում կատարելով ոստիկանության հայտարարությանը։

Ենթադրյալ առեւանգիչը հանցագործության վայրից փախուստի է դիմել, տուժածների մասին տեղեկություններ չկան։ «Ներկայում ոչ ոք կալանավորված չէ,- նշել է ոստիկանությունը։- Հետաքննությունը վաղ փուլում է, տեղեկությունը նախնական է»։

Ուղղաթիռը պատկանում է Capitol Helicopters ընկերությանը։ Վերջինը տեղեկացրել է, որ թռչող սարքը լուրջ վնասվածքներ է ստացել։ Բացի այդ, ընկերության մի քանի այլ ուղղաթիռներ ենթարկվել են վանդալիզմի։ Հետաքննությանը միացել է Հետաքննությունների դաշնային բյուրոն։