Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հինգշաբթի օրը հայտարարել է, որ իր երկիրը նախատեսում է մոտ մեկ տասնյակ «ՄիԳ-29» կործանիչներ նվիրել Ուկրաինային՝ Լեհաստանը դարձնելով ՆԱՏՕ-ի առաջին անդամը, որը հարգել է Ուկրաինայի կառավարության խնդրանքը ռազմական ինքնաթիռներ տրամադրելու վերաբերյալ, հաղորդում է Associated Press-ը:

Դուդան ասել է, որ Լեհաստանն «առաջիկա մի քանի օրվա ընթացքում» կտեղափոխի խորհրդային արտադրության չորս ռազմական ինքնաթիռ, իսկ մնացածը տեխնիկական սպասարկման կարիք ունի եւ կմատակարարվի ավելի ուշ։

«Դրանք գտնվում են շահագործման վերջին տարիներին, բայց լավ աշխատանքային վիճակում են»,- պարզաբանել է Լեհաստանի նախագահը։

Միաժամանակ, Դուդան չի ասել, թե արդյոք մյուս երկրները կգնան նույն քայլին, թեեւ Սլովակիան հայտարարել է, որ իր դուրս գրված «ՄիԳ»-երը կուղարկի Ուկրաինա։

Լեհաստանի նախագահը նաեւ նշել է, որ Լեհաստանի ռազմաօդային ուժերը Ուկրաինա տեղափոխող ինքնաթիռները կփոխարինեն հարավկորեական արտադրության FA-50 կործանիչներով եւ ամերիկյան արտադրության F-35 կործանիչներով։

Չորեքշաբթի օրը Լեհաստանի կառավարության խոսնակ Պյոտր Մյուլերը հայտնել է, որ մի շարք այլ երկրներ, որոնք ունեն «ՄիԳ» կործանիչներ, նույնպես դրանք հանձնել են Կիեւին։ Նա, սակայն, չի հստակեցրել, թե որ երկրների մասին է խոսքը։