Լիբանանի կենտրոնական բանկի ղեկավար Ռիադ Սալամեհն առաջին անգամ հայտնվել է եվրոպացի իրավաբանների խմբի առջեւ՝ փողերի լվացման գործի հետաքննության շրջանակներում, հայտնում է Associated Press-ը։
Եվրոպական մի քանի երկրներ հետաքննություն են վարում Ռիադ Սալամեհի հանդեպ, որը վերջին տարիներին մեղադրվել է մի քանի կոռուպցիոն հանցագործությունների մեջ։ Սալամեհը Լիբանանի կենտրոնական բանկը ղեկավարել է 1993 թվականից։
Հարցաքննությունն ի սկզբանե նշանակված էր չորեքշաբթի օրը, սակայն Սալամեհը չի ներկայացել: Լիբանանի պետական ազգային լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իրավաբանական թիմը բողոք է ներկայացրել՝ ասելով, որ օտարերկրյա դատավորների ներկայությունը խախտում է երկրի ինքնիշխանությունը: Դատական մարմինը մերժել է բողոքը՝ նշելով, որ նրանց ներկայությունը համապատասխանում է Լիբանանի միջազգային պարտավորություններին։
Լիբանանի զինվորականներն ու ոստիկանները պահպանել են Բեյրութում արդարադատության պալատը, երբ Սալամեհը ժամանել է այնտեղ օրվա սկզբին: Մոտ մեկ տասնյակ ցուցարարներ հավաքվել են եւ կենտրոնական բանկի 72-ամյա ղեկավարի ու երկրի քաղաքական առաջնորդների հասցեին քննադատական կարգախոսներ են վանկարկել։
Եվրոպական պատվիրակությունը, որի կազմում ներկայացուցիչներ կան Ֆրանսիայից, Գերմանիայից եւ Լյուքսեմբուրգից, հարցաքննել է Սալամեհին մեկ այլ լիբանանցի դատավորի միջոցով, որը հանդես է եկել որպես միջնորդ: Համաձայն Լիբանանի օրենքի՝ նրանք չեն կարող ուղիղ հարցաքննել Սալամեհին:
Նիստը տեւել է մոտ վեց ժամ, եւս մեկ նիստ նախատեսված է ուրբաթ օրը, հայտարարել են դատական մարմինների ներկայացուցիչները՝ անանուն մնալու պայմանով, քանի որ նրանք իրավունք չունեն խոսել լրատվամիջոցների հետ:
Դատավոր Հելենա Իսկանդարը, որը ներկայացնում է Լիբանանը հարցաքննության եւ եվրոպական հետաքննության ընթացքում, Սալամեհին, նրա եղբորը՝ Ռաջային եւ օգնական Մարիաննա Հոյեկին մեղադրել է կոռուպցիայի մեջ, գործակալությանը հայտնել են դատարանում։
Նա եվրոպական պատվիրակության անունից Սալամեհին հարցաքննող լիբանանցի դատավորին կոչ է արել ձերբակալության օրդեր տալ Սալամեհի եւ երկու այլ կասկածյալների նկատմամբ:
Բացի եվրոպական հետաքննությունից, Սալամեհի դեմ այլ դատական գործեր էլ կան Լիբանանում: Փետրվարի վերջին Բեյրութի դատախազ Ռաջա Համուշը կոռուպցիայի, այդ թվում՝ պետական միջոցների յուրացման, փաստաթղթերի կեղծման, ապօրինի հարստացման, փողերի լվացման եւ հարկերի խախտման մեղադրանքներ է ներկայացրել նույն երեք կասկածյալներին՝ կենտրոնական բանկի ղեկավարին, նրա եղբորն ու օգնականին։
Եվրոպական պատվիրակությունը հետաքննում է մոտ 330 մլն դոլարի լվացման գործը։





























